Home / Հայաստան / Արամ MP3-ի՝ Հիտլերի կերպարով լուսանկարվելը հիմար քայլ էր․ բլոգեր

Արամ MP3-ի՝ Հիտլերի կերպարով լուսանկարվելը հիմար քայլ էր․ բլոգեր

Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն մինչ օրս համարձակություն չի ունեցել, կամ, պարզապես, չի ցանկացել ներողություն խնդրել իր հոմոֆոբ և տրանսֆոբ հայտարարությունների և «Եվրատեսիլի» մեկ այլ մասնակցի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Այս մասին իր բլոգում գրում է ARTMIKA օգտատերը։

«Նրա երկրպագուներից ոմանք փորձեցին նրան արդարացնել «խոսքի ազատությամբ» ու այն փաստով, որ Արամը հումորիստ է. ասես` հումորիստ լինելը որևէ կերպ արդարացնում է նրա մոլեռանդությունը:

Երեկ Արամ MP3-ն իր «զվարճալի» կողմը հերթական փորձության ենթարկեց և տպավորիչ կերպով ձախողվեց:

Արամը «Ֆեյսբուքի» իր էջում գրեց, որ եթե իրեն երբևէ ֆիլմում դեր առաջարկեին, նա կցանկանար, որ դա «բացասական դեր» լիներ: Այնուհետև նա տեղադրեց լուսանկար, որի վրա ինքը մարմնավորում էր Հիտլերին: Այնուամենայնիվ, նա շուտով հեռացրեց լուսանկարը` «Ֆեյսբուքի» բազմաթիվ օգտատերերի կողմից քննադատության արժանանալուց հետո:

AramMP3

Շատերն իրենց զայրույթն ու զարմանքն արտահայտեցին, որ հոմոֆոբ և տրանսֆոբ արտահայտությունների վերաբերյալ սկանդալից հետո, Արամը նման անճաշակ վարք դրսևորեց`կրկին դժգոհություն առաջացնելով իր երկրպագուների մի մասի մոտ:

Օգտատերերից մեկն իր մեկնաբանությունում հարցրեց` Արամն ի՞նչ կզգար, եթե Եվրատեսիլի մասնակիցներից մեկը տեղադրեր լուսանկար, որի վրա նա մարմնավորում էր Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորներից մեկին` Թալեաթ փաշային:

Այո, Արամ MP3-ն անմիջապես հեռացրեց լուսանկարը: Այն, սակայն, մտահոգության զգացողություն է առաջացրել անգամ նրա ամենահավատարիմ երկրպագուների շրջանում:

Իսկապե՞ս, Արամ: Հոմոֆոբ և տրանսֆոբ արտահայտությունների համար քննադատության ենթարկվելուց հետո, սա՞ է ամենը, ինչ կարող էիր մտածել: Բառերն անգամ չեն կարող արտահայտել` որքան հիմար քայլ էր դա», – գրում է բլոգերը: