հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Բլոգերը չի քվեարկի Արամ MP3-ի օգտին հոմոֆոբ հայտարարությունների պատճառով

Բլոգերը չի քվեարկի Արամ MP3-ի օգտին հոմոֆոբ հայտարարությունների պատճառով

«Ես շատ հիասթափված եմ, որ Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ հայտարարվելու հենց առաջին օրվանից Արամ MP3-ն սկսեց հոմոֆոբ և տրանսֆոբ արտահայտություններ անել, հատկապես՝ Եվրատեսիլում Ավստրիայի ներկայացուցչի մասին։ Վստահ եմ՝ Եվրատեսիլի եվրոպացի երկրպագուները, այդ թվում՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, հիասթափությամբ կտեղեկանան Արամ MP3-ի՝ մինչ օրս արած հայտարարությունների մասին»։ Անդրադառնալով Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցչի հայտարարություններին իր բլոգում նման կարծիք է հայտնել ARTMIKA օգտատերը։

«Առաջադրվելուց հետո Հանրային հեռուստատեսությամբ իր առաջին հարցազրույցի ժամանակ, պատասխանելով Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակության ղեկավարի բավական անհեթեթ հարցին՝ «ո՞նց ես նայում «մորուքավոր կին» (նկատի ունի Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստին-խմբ.) մասնակցի կողմնորոշմանը»՝ Արամ MP3-ն պատասխանեց՝ «Ո՞նց եմ նայում։ Եթե իմ կարծիքը՝ ոչ նորմալ, ոչ ադեկվատ։ Բայց ինձ թվում ա` մենք կկարողանանք նենց անենք, որ ինքը կողմնորոշվի՝ տղայա, թե աղջիկ։

Մարտի 20-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպիսին է նրա մոտեցումը Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստի նկատմամբ: Արամը ժպիտով խոստովանեց, որ դժվար է լինելու: «Նոր հասկացա, որ այդուհանդերձ նրա հետ նույն բեմում ենք գտնվելու, քանի որ Եվրատեսիլի շրջանակներում բոլոր մասնակիցներով պետք է համատեղ մեկ երգ կատարենք: Իսկ ընդհանրապես, եթե ուզում եք իմանալ իմ մոտեցումը, ապա «կոմայգու» մոտով անցնելիս ես արագացնում եմ իմ մեքենայի ընթացքը. այս դեպքում պետք է մի կերպ համակերպվել»,- ասել է Արամը:

Հաջորդ օրը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, բազմաթիվ հայաստանցի օգտատերեր իրենց  դժգոհությունն արտահայտեցին Արամ MP3-ի հայտարարությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան երգիչն ասաց. «Ես միայն կատակով ասացի, որ դժվար է լինելու բեմ բարձրանալ նրա հետ։ Անկեղծ պատասխանել եմ՝ ինձ դժվար կլինի. ես այդ կյանքով չեմ ապրում, և միևնույն է՝ որքան էլ առաջ է գնացել աշխարհը, կամ, հակառակը, հետ է գնացել, ինձ համար դա անընդունելի թեմա է»։ Նա նաև հավելել է, որ որևէ մեկին չի վիրավորել», – Արամ MP3-ի հայտարարությունների ժամանակագրությունը իր գրառման մեջ ներկայացրել է բլոգերը։

Նա Արամին կոչ է արել համարձակվել ու նման «կատակներ» անել Եվրատեսիլը լուսաբանող եվրոպացի լրագրողների հետ զրույցում։

«Ես Արամի երգի երկրպագուն չեմ, բայց շնորհավորում եմ նրան, որ այն կարճ ժամանակում դարձավ ամենադիտվածը Եվրատեսիլի հայտերի շրջանակներում ու բուքմեյքերների ֆավորիտը։ Ցավալի է, սակայն, որ Արամը նման վերաբերմունք ունի իր կոլեգաների նկատմամբ։

Հուսով եմ՝ Եվրատեսիլը կբացի նրա աչքերը մարդկանց բազմազանության նկատմամբ և կսովորեցնի հարգել ու արժևորել այդ բազմազանության կարևորությունը։

Ես Արամ MP3-ի օգտին չեմ քվեարկելու, քանի որ չեմ կարող քվեարկել նման հայացքներ ունեցող մարդու օգտին։ Դուք՝ ինքներդ որոշեք։ Բայց եթե նա հաղթի, ուրախ կլինեմ տեսնել՝ ինչպես է Եվրատեսիլ «գեյ շքերթը» գալիս Հայաստան։ Թեև հեգնական կլինի, որ նման կասկածելի տեսակետներ ունեցող անձը կարողանա դա իրականություն դարձնել»,- գրում է  բլոգերը։

Լուսանկարը՝ Արամ MP3-ի ֆեյսբուքյան էջից