Կառավարությունն այսօրվա նիստին Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշում է ընդունել։
Ներկայացվող օրենքների համաձայն՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։
Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է նախագահը, ենթակա մյուս մարմինների ղեկավարներին՝ վարչապետը։
Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել կառույցի ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար, ինչպես նաև կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։
Նույն կերպ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների ծառայողներին կարգապահական տույժի է ենթարկելու նախարարը, իսկ մյուս խմբերի պաշտոնների ծառայողներին՝ ոստիկանության պետը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատման տվյալներով՝ Ներքին գործերի նախարարության կազմավորման միջոցառման բյուջեն կազմում է 25 միլիոն դրամ։ Այդուհանդերձ, որոշակի ֆինանսական ներդրումներ կպահանջվեն նաև պետական բյուջեից, որն ուղղված է լինելու, մասնավորապես, աշխատավարձերի ու վարձատրությունների վճարմանը։