Ղարաբաղում անցյալ շաբաթվա վերջին ռուսաստանցի խաղաղապահների տեղափոխող ավտոմեքենա է պայթել ականի վրա։ «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը։
Պաշտոնյան հայտնել է, որ երկու զինվորական վիրավորվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Սա է պատճառը, որ արդեն երկու օր է Արցախում զոհված զինծառայողների աճյունների որոնման ու տարհանման աշխատանքներ չեն իրականացվում, որոնք անցկացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում։ Ամենայն հավանականությամբ, այդ աշխատանքները կվերսկսվեն վաղը»,- հավելել է Թադևոսյանը։
Ադրբեջանի տվյալներով՝ զինադադարից ի վեր ականների պայթյուններից զոհվել է երկրի 20 խաղաղ բնակիչ ու զինվորական, վիրավորվել են 85֊ը:
Ավելի վաղ Բաքուն հայտնել էր, որ իրենց վերահսկողությանն անցած տարածքների ականազերծման համար կպահանջվի 10-ից 13 տարի։