Home / Հայաստան / Սովետից ժառանգած սահմաններին կրկին սպանում են․ Դուշանբեն և Բիշկեկը մեղադրում են միմյանց

Սովետից ժառանգած սահմաններին կրկին սպանում են․ Դուշանբեն և Բիշկեկը մեղադրում են միմյանց

Ղրղըզստանն ու Տաջիկստանըսահմանին կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության են եկել, հայտնում է Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը:

Տաջիկստանը, ըստ աղբյուրը, զինտեխնիկան սկսել է հետ քաշել սահմանից, երթևեկությունը վերականգնվել է, կրակը՝ երկկողմանի դադարեցվել։

Տաջիկա-ղրղըզական սահմանին օրեր առաջ սկսված ընդհարումներում, ըստ ղրղըզական կողմի հրապարակած տվյալների, սպանվել է ավելի քան 40 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնաիչներ։ Կան տասնյակ վիրավորներ:

Ջրատարի շուրջ տեղացիների միջև ծագած վեճը ապրլիլի 28-ին հանգեցրել էր փոխհրաձգության, որին, ըստ հաղորդումների, մասնակցում էին նաև երկու երկրների սահմանապահները։

Պատճառը տեսահսկման խցիկներ էին, որ տաջիկական կողմը ավելի վաղ տեղադրել էր սահմամերձ ջրաբաշխիչ կետի մոտ։ Ջրաբաշխիչի պատկանելության շուրջ վեճն այստեղ տասնամյակների պատմություն ունի․ 1968-ից ի վեր այն օգտագործվում է Տաջիկստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի սահմանամերձ տարածքների ոռոգման և ջրամատակարարման համար։ Խորհրդային միության փլուզումից հետո տաջիկական և ղրղըզական կողմերը չեն կարողանում այն կիսել․ երկու երկրների միջև սահմանագծի (ավելի քան 900 կմ) մոտ կեսը մինչ այժմ սահմանազատված չէ, վիճարկվող գծեր որոշ դեպքերում անցնում են գործող ճանապարհների և գյուղերի վրայով և ստեղծում մի շարք ենթակառուցվածքային խնդիրների՝ պարբերաբար հանգեցնում լոկալ ընդհարումների։

Ապրիլի 28-ին սկիզբ առած բախումները այս ընդհարումների պատմության մեջ ամենամեծն ու արյունալին են։

Պատճառը, ինչպես նշվեց, տաջիկական կողմի տեղադրած տեսախցիկներն էին։ Ղրղըզները պահանջել էին ապամոնտաժել դրանք, պահանջը անտեսվել էր, երկու երկրների բնակիչները սկսել էին քարեր նետել միմյանց ուղղությամբ, բախումներին ներգրավվել էին զինվորականները։

Պաշտոնական Դուշանբեն պնդում է, որ առաջինը կրակ են բացել ղրղըզ զինծառայողները։ Պաշտոնական Բիշկեկն, իր հերթին, պնդում է, որ տաջիկ զինվորականներն են սկսել կրակել։

Նշենք, որ նույն օրը՝ ապրիլի 28-ին, հակամարտող երկրներից մեկի մայրաքաղաքում՝ Դուշանբեում, ընթանում էր ՀԱՊԿ անդամ երկրների արվնատության խորհուրդների քարտուղարների նիստը։ Թնդանոթների կրակի, խաղաղ բնակչության տարհանման, դաշտային բանակցությունների ֆոնին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները քննարկում էին ԱՄՆ-ի զորքերի և Աֆղանստանի հարցը։ Նույն երկրում հենց այդ պահին տեղի ունեցող ռազմական գործողություններին նիստին որևէ անդրադարձ չեղավ։

Ժամեր շարունակված բախումներից և զուգահեռ բանակցություններից հետո Տաջիկստանի և Ղրղըզստանի արտաքին գերատեսչությունները հայտարարեցին հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին։ Նախօրեին էլ հաղորդվեց, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հեռախոսով զրուցել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովի հետ: Ղրղըզական կողմը հայտարեց, որ զրույցը«կառուցողական» է եղել: Մայիսի երկրորդ կեսին հանդիպելու շուրջ պայմանավորվածություն է ձեռբերվել։

Ղրղըզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ Տաջիկստանը սահմանի մոտ զինտեխնիկա է կուտակում։ Հաղորդվել է նաև, որ տաջիկ զինծառայողներն արգելափակել են երկու ղրղըզական բնակավայրերը միմյանց կապող միակ ճանապարհը, կրակ են բացել ղրղըզական բնակավայրերի ուղղությամբ: Դուշանբեն այս տեղեկությունները չէր մեկնաբանում։ Քիչ առաջ հաղորդվեց, որ բանակցությունների արդյունքում իրավիճակը հանգուցալուցվել է, ճանապարհը՝ բացվել։ Կրակն ամբողջությամբ դադարեցվել է։