Home / Ազգային ժողով / Տեր-Պետրոսյանն իր բառերը ձրի է տալիս

Տեր-Պետրոսյանն իր բառերը ձրի է տալիս

Սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում։ Իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանագավոր ընտրությունները։ ՀԱԿ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս՝ այս մասին հայտարարել է Կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ չեն խղճելու, դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար»,- վստահ է Տեր-Պետրոսյանը։

Ըստ նրա, ոչնչի առջև երկուսն էլ չեն կանգնելու․ «որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատա՛ք՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի։ Մենք տեսել ենք, թե նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար»։

Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ կար «մի հրաշալի միջոց» այս վիճակից դուրս գալու, շատ հանդարտ, հանգիստ կատարելու իշխանափոխություն և ձևավորելու ճգնաժամային կառավարություն․

«Կար այդ միջոց։ Մի քանի անգամ խոսել եմ։ Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ընդունեին իմ առաջարկը՝ հանդես գալ դաշինքով, բայց մեկ պայմանով, որ մեզնից որևէ մեկը՝ ոչ ես, ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, չէինք հավակնելու պետական որևէ պաշտոն զբաղեցնելուն, միանգամից ամեն ինչ լուծվում էր։ Փաշինյան երևույթը կվերանար Հայաստանից, նախկին նախագահները հետ կքաշվեին, կձևավորվել մի հրաշալի, տեխնոկրատներից կազմված կառավարություն։ ․․․Բայց Քոչարյանը և Սերժը մերժեցին այս առաջարկը։

Այդ խոսակցությունները, թե նախկինում իրար մորթել եք, հոշոտել եք, ինչ անբարոյական մարդիկ եք, որ հավաքվում, իրար հետ դաշինք եք կազմում։ Լավ, անբարոյական ենք, բայց մեր փրկության ձևը սա էր։ Հիմա սա չեղավ, ի՞նչ է լինելու։ Ճակատամա՛րտ։ Դեռ չեմ ասում քաղաքացիական պատերազմ։

Առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների, դրանով էլ չեն բավարարվելու, ընտրությունների ժամանակ երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր խախտումների դեպքում միջադեպեր են լիենլու տեղամասերում և դա կարող է անկառավերլի դառնալ»:

Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև Քոչարյանի և Փաշինյանի գլխավորած ուժերի ներկայացրած ծրագրերին։

«Ոչ մի ծրագիր չկա։ Այդ թղթերին, լավաշներին, իրենց մասնագետների պատրաստած փաստաթղթերին, ի՞նչ ասեմ, բացառձականապես հավատ չի կարելի ընծայել։ Հիշե՛ք՝ Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստումներ են տվել և որն են մինչև վերջ կատարել։ Այդպիսի բան չկա, գոյություն չունի։ Նրանք ասել են մի բան՝ արել լրիվ այլ բան»։

Հիմա նրանք ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում, կարծում է առաջին նախագահը։

«Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում, ասում է՝ գալու եմ, մեկ-մեկ բոլորին պատժելու եմ։ Նույնիսկ այն, որ իր շտաբների վրա ինչ-որ մի երկու հարձակում էր եղել, ասաց՝ իմացեք, բոլորիդ նկարել եմ, հենց վարչապետ դառնամ, բոլորիդ պատժելու եմ։ Նա ուրիշ բան չգիտի։ Ռոբերտ Քոչարյանը իր բնավորությամբ գիտե՞ք ինչպիսին է․ եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է, այդ երեխայից ինքը հետագայում հաստատ հաշիվ է պահանջել, պատժել է նրան»։

Ինչու՞ է ինքը մերժել վարչապետի գործող պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերը։ Բանավեճի հրավերը մերժել է նաև Ռոբերտ Քոչարյանը։

«Քոչարյանը իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ՝ ցանկացած զինատեսակով, այսինքն՝ պարսատիկից, ռագատկայից մինչև ատոմային ռումբ։

Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով։ Խղճացի, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել»։

Քոչարյանը, ըստ ՀԱԿ առաջնորդի, այժմ անընդհատ խոսում է «արժանապատիվ խաղաղությունից»։ Տեր-Պետրոսյանը սա ապշեցուցիչ է որակում։

«Ես իմ խոսքերը ձրի եմ տալիս բոլորին։ Բայց ես հիշում եմ, երբ արժանապատիվ խաղաղությունն առաջին անգամ ես արտասանեցի՝ անմիջական արձագանքն այն է, որ Լևոնը հողերը տալիս ա, վե՛րջ։ Հիմա նա խոսում է արժանապատիվ խաղաղության մասին՝ կապիտուլյացիայից հետո։ Սա, լավատգույն դեպքում, կլինի ոչ թե արժանապատիվ խաղաղություն, այլ արժանապատիվ կապիտուլյացիա։ Ուրիշ ոչինչ»։

Մինչև հիմա, ըստ Տեր-Պետրոսյանի, այդ 30 տարվա քարոզչության հետևանքով ազգի մեծամասնությունը, բոլոր քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռևս չի հասկացել այն ամենապարզ ճշմարտությունը, որն ինքը «դեռ 25 տարի առաջ է ասել»․

«Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չո՛ւնի։

Հիմա նորից կրկնում են, թե ոչի՜նչ, եթե Ռուսաստանը չէ դաշնակիցը, Ամերիկան կլինի, Իրանը կլինի, Չինաստանը կլինի և այլն․․․ Սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է՝ մենք ոչ միայն մեր պատմության, այլև մեր օրերի, վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղենք։ Բացարձակապես։

․․․Եթե այսպես շարունակենք, եթե սա է լինելու մեր էլիտա կոչեցյալի, որի մեջ ես ընդգրկում եմ և՛ կուսակցությունները, և՛ մտավորականությունը, և Սփյուռքի ջոջերը․․․ Եթե ընկնենք նույն անդունը, աշխարհի համար կդառնանք ամենաարհամարված երկրկներից մեկը»։

Տեր-Պետրոսյանը վերջում հավելեց, որ պարտրաստվում է առաջիկայում մեծ մամուլի ասուլիս հրավիրել։