Home / Բանակ / Այս փորձանքներից հետո էլի խելքի չենք գալո՞ւ․ նախկին գերագույն հրամանատար

Այս փորձանքներից հետո էլի խելքի չենք գալո՞ւ․ նախկին գերագույն հրամանատար

Հատվածներ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցից․

— Եթե քաղաքականությունը իրատեսական չէ, ժողովուրդները ընկնում են երկար ցնցումների գիրկը, երբ չեն հասկանում՝ ինչ է պահանջվում պետություն կառուցելու համար։ Քաղաքականության բնույթը պետք է լինի իրատեսական․ քաղաքականությունը կրոն չէ, դոգմա չէ․․․ Ցանկացած տեսակի կոմպրոմիսների կարող եք գնալ՝ զուտ իրատեսությունից ելնելով։

— Մտավորականությունը անում է այն, որը չպիտի աներ, կամ չի անում է այն, որը պիտի աներ։ Երրորդ խոսքի կարիք կա․ իշխանությունները և ընդդիմությունը պետք է մորթեն իրար, երրորդ խոսքն է, որ բալանսավորում է՝ մտավորականության խոսքը․․․ Այն, ինչ տեղի ունեցավ․ մենք չօգտագործեցինք 90-ականների շանսը՝ գնալու փոխզիջումային լուծման և չունենալու այս պարտությունը, որ այսօր ունեցանք։ Դրանից հետո և մինչև հիմա մեր մտավորականությունը, փաստորեն, իր հրապարակային խոսքով չտարբերվեց ֆիդայիններից։ Մեր ակադեմիկոսները չտարբերվեցին, ասենք, Սեֆիլյանից․․․ Որպեսզի հայրենասեր երևան։ Իրե՛նք էին գլխավորում, այո, այդ ճամբարը։ Մեր ակադեմիայի պատմության ինստիտուտը, համալսրանաի պատմության ինստիտուտը 3 սերունդ են արդեն դաստիարակել հայդատականության, ոչմիթիզականության վրա․․․ Այս մեր պարտության մեջ, մեր ողբերգության մեջ որքան մեղավոր են թվարկածս բոլոր ուժերը՝ իշխանություններ, կուսակցություններ, հայդատականներ և այլն, նույնքա՛ն մեղավոր է մեր մտավորականությունը։

Պետրոս Ղազարյան․ — Դուք մի քանի անգամ նշել եք, որ Արցախի հարցում մենք դաշնակից չունենք, այսինքն այն պատկերացումները, որ մենք ունենք Արցախի հարցի լուծման վերաբերյալ, կիսող չունեն աշխարհում։ Բայց ակնհայտ է, որ մենք մեր ռեսուրսով, նույնիսկ ամենաօպտիմալ օգտագործմամբ, չենք կարող հասնել Արցախի հարցի այն լուծմանը, որը մենք ունենք մեր մեջ և համարում ենք հայանպաստ։ Հետևաբար, դուրս է գալիս, որ այն պետք է թանկ գնով հանձնե՞լ, եթե իրատես լինենք․․․

Լևոն Տեր-Պետրոսյան․ — Նախ՝ մենք չունենք այդ պատկերացումը։

Ղազարյան․ — Չէ։ Էն, որ ունենք, չկա դրան դաշնակից։

Տեր-Պետրոսյան․ — Որովհետև այդ ունեցածդ աբսուրդ է։

Ղազարյան․ — Այսինքն՝ անկախ Արցախ պատկերացնելը աբսու՞րդ է։

Տեր-Պետրոսյան․ — Ոչ, դա չէ աբսուրդը։ Աբսուրդն այն է, որ կարող ես մեծ հաջողություններ ունենալ, մեծ տարածքներ ունենալ (4.5 հազար քառակուսի կիլոմետրից 12․5 հազար քառակուսի կմ էր դարձել Արցախը) և դա կարողանալ պահել հավերժ՝ ոչինչ չանել։ Աբսուրդը սա էր։ Մենք հասկանում էին, որ դա պահել հնարավոր չէ հավերժ։ Տեսնում էին՝ ուժերի հարաբերակցությունը ինչպես է փոխվում։ Հայաստանի ռեսուրսները, Ադրբեջանի ռեսուրսները մենք գիտեինք։ Եվ տեսաք՝ կամաց-կամաց․․․ Ադրբեջանը շատ համբերատար գործեց, շատ համբերատար․ հանգիստ 30 տարի պատրաստվեցին և իրենց հարցերը լուծեցին։ Դա չհասկացան մերոնք՝ ոչ քաղաքական ուժերը, ոչ մտավորականությունը, որ ամբողջ Սփյուռքը։ Ոչ ոք չհասկացավ։ Էլեմենտար բան էր։

Մենք կորցրեցին ամենահարմար պահը Ղարաբաղի հարցի լուծման 94 թվականին։ Այդ ժամանակ Ադրբեջանը այնքան խեղճ էր, և պատրաստ էր, այո, ընդունելու այդ լուծումը։ Շատ սովորական բան։ Ոչ, կարգավիճակի հարց դեռ չէ՛ր լուծվում, բայց ԼՂԻՄ-ի սահմանները և Լաչինի շրջանը պահպանվում էին, խաղաղարար ուժեր էին տեղադրվում, և կարող էր այս վիճակը երկար շարունակվեր։ Դա տալիս էր մեզ հնարավորություն և՛ Ղարաբաղը դարձնելու ուժեղ պետություն, և՛ Հայաստանը դարձնելու ուժեղ պետություն, և արդեն հավասարը հավասարի պես քննարկել այս հարցերը։ Դա դեռ չէր նշանակում Ղարաբաղի կարգավիճակի որոշում, չէ՛ր նշանակում։ Դա կարող էր երկար տևել։ Մենք տեսել ենք այդպիսի կոնֆլիկներ․ արաբա-իսրայելյանը արդեն 70 տարի է տևում, Հյուսիսային Կիպրոսինը արդեն 20 տարի։ Ոչի՛նչ, կմնար։ Կարևորը՝ պատերազմ չկար, խաղաղություն էր, և այդ հարցը դարձել էր միջազգային հարց, որը մի օր պետք է լուծվեր։ Ես ֆանտազյոր չեմ, որ կարծում էի՝ 5 տարի հետո պետք է ճանաչեին Ղարաբաղի անկախությունը․․․

Ղազարյան․ — Ապագային նայենք․ կա՞ դաշնակից Արցախի հարցում։

Տեր-Պետրոսյան․ — Դաշնակից չկա, գոյություն չո՛ւնի, երբեք չի եղել։

Ղազարյան․ — Հետևաբար՝ Արցախն ի՞նչ է լինելու։ Ո՞նց եք տեսնում ապագան Արցախի հարցի։

Տեր-Պետրոսյան․ — Հիմա արդեն շատ դժվար է։ Այն ժամանակ մենք փոխզիջելու բան ունեինք, հիմա չունենք։ Ոչինչ չունենք, որի համար Ադրբեջանը համաձայնի ինչ-որ մի ստատուս քվոյի ապահովմանը։ Ի՞նչ ենք զիջելու։ Մենք զիջելու հնարավորությունը կորցրեցինք։ ․․․Մենք խոսել ենք փոխզիջման մասին․ այսօր լրիվ ուրիշ սիտուացիա կլիներ, այսօր Ղարաբաղի հարցը իսկապես կարող էր դառնալ միջազգային հարց, ՄԱԿ-ի մակարդակի քննարկելիք միջազգային հարց, կբարձրանար Մինսկի խմբից ավելի բարձր։ Հիմա ոչինչ անել չես կարող։ Մեր ձեռքը չէ։ Ղարաբաղի հարցում հիմա Հայաստանը ո՛չ մի վճռական ձայն չունի։

Ղազարյան․ — Ձեր օպոնենտներից Քոչարյանը երեկ հայտարարել է, որ իր նպատակն է վերականգնել ԼՂԻՄ-ի նախկին սահմանները, այսինքն՝ վերադարձնել Շուշին և Հադրութը։

Տեր-Պետրոսյան․ — Սա արդեն մեծ նվաճում է։ Մեր ժամանակ, երբ առաջարկվում էր պահպանել ԼՂԻՄ-ի նախկին սահմանները և ունենալ միջանցք Հայաստանի հետ, դա համարում էին դավաճանություն։ Հիմա՝ հետին թվով, նա երազում է․․․ Բայց դա ի՞նչ է։ Շա՛տ վտանգավոր հայտարարություն։ Նա կարող է փորձանք բերել մեր գլխին։

Ինչպե՞ս է նա Շուշին և Հադրութը ետ վերադարձնում։ Հիմա ադրբեջանական զորքեր են այնտեղ։ Եվ Ադրբեջանը պիտի սուսիկ-փուսիկ իր պայուսակները հավաքի և թողնի գնա՞։ Դա հնարավոր է միայն պատերազմով։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ՝ նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ։ Սա՛ է նրա ասածը։

Ո՞վ է թույլ տալու։ Ադրբեջանն ինչի՞ է եկել այդտեղ նստել, որ թողնի այդպես հանգիստ ու գնա։ Ո՞վ է նրան ստիպելու։ Ռուսաստա՞նն է ստիպելու։ Այդպիսի բան գոյություն չունի։

Լսե՛ք՝ ամբողջ աշխարհի համար – մեզ պատեպատ տանք թե չտանք – Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս․ այդ մարդիկ եկել են, միջազգային օրենքով, իրենց տարածքային ամբողջականությունը մասամբ վերականգնել են։ Դեռ մի մասը մնացել է ռուսական խաղաղապահների ձեռքում։ Եվ ո՞վ է բողոքում նրա դեմ։ Ո՛չ ոք։ Որևէ մեկը դատապարտե՞ց Ադրբեջանին այդ գրավումների համար։ Ցու՛յց տվեք որևէ երկիր։ Բոլորն են ողջունել։ Դա ՄԱԿ-ի խարտիային լրիվ համապատասպան բան է․ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների իրավունք է պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը, չխախտել որևէ մեկի սահմանները։ Դե ցո՛ւյց տվեք՝ ո՞վ է մեր դաշնակիցը, որտե՞ղ է։

Ղազարյան․ — Պարոն նախագահ, բայց այդ տրամաբանությամբ․․․

Տեր-Պետրոսյան․ — Տրաբանություն չէ, սա՛ է աշխարհի օրնեքը․․․

Ղազարյան․ — Ալիևը ասում է՝ ճանաչեք Արցախը մեր կազմում, կնքենք բարեկամության, հաշտության պայմանագիր։ Ըստ ձեզ, դուր է գալիս՝ պետք է համաձայնե՞նք։

Տեր-Պետրոսյան․ — Մի համաձայնվեք․․․ Էլի նույն բանն ասե՞մ։

Ղազարյան․ — Ես ձեր կարծիքն եմ հարցնում։

Տեր-Պետրոսյան․ — Ստիպելու են, որ համաձայնենք։ Ամբողջ աշխարհը մեզ ստիպելու է, ինչքան էլ դու չուզես։ Եթե չուզես, ավելի մեծ փորձանքների մեջ ենք ընկնելու։ Սա է աշխարհի, ՄԱԿ-ի օրենքը սա՛ է․ բոլոր ճանաչված պետությունների տարածքային ամբողջականության սկզբունք է ՄԱԿ-ի գոյության իմաստը և սահմանների անձեռնմխելիությունը։ Մեծ տերությունները կարող են իրենց թույլ տալ խախտել բոլոր այս օրենքները․ տեսել ենք, շա՜տ ենք տեսել՝ Իրաքում, բանում։ Որտեղ ուզում են՝ մտնում են, և ինչ ուզում՝ անում են։ Բայց փոքրերից մեկը եթե․․․ Երբ Սադդամը գնաց՝ Քուվեյթը գրավեց, կործանեցին ամբողջ Իրաքը։ Ամբողջ աշխարհը՝ միացյալ կոալիցիայով։ Եվ նույնիսկ արաբական երկրներ, բազմաթիվ արաբական երկրներ միացան այդ արևմտյան կոալիցիային և կործանեցին այդ Իրաքի պետությունը։ Ախք մենք ինչո՞վ ենք մենք ապրում՝ չեմ հասկանում․․․

Ղազարյան․ — Ես շատ ուժերի հետ եմ զրուցում այս օրերին, ասում են այսպես՝ հիմա կգանք իշխանության, տնտեսությունը կզարգացնենք, բանակը կդարձնենք պրոֆեսիոնալ, կհզորանա, կառնենք արդիական նոր զենքեր, կգնանք՝ կամ Շուշին հետ կբերենք, կամ կպահենք Ստեփանակերտը, երբ որ 4․5 տարի հետո, տեսականորեն, ռուսները գնանք։ Սա մոտեցո՞ւմ է․․․

Տեր-Պետրոսյան․ — Արդեն բավականին համեստացել են պահանջները․ սկզբում դեռևս կպահեն Ստեփանակերտը, հետո ավելի կհզորանանք, հետո Շուշին էլ կգրավենք, հետո Հադրութն էլ, հետո մինչև․․․

Ղազարյան․ — Դուք հեգնո՞ւմ եք։ 90 տոկոսը դա՛ է ասում։

Տեր-Պետրոսյան․ — Չեմ հեգնում, իրականությունն եմ ասում։ Այսինքն, ի՞նչ է նշանակում։ Այս փորձանքներից հետո էլի խելքի չենք գալո՞ւ։ Իսկ խելքի չեկողը նոր փորձանքի մեջ է ընկնում։ Ինչքա՞ն կարելի է։ Կընկնենք․․․