Ռուսաստանի նախագահն առավոտվանից ինքնամեկուսացել է․ նրա խոսնակը հայտնել էր, թե Վլադիմիր Պուտինը կոնտակտավոր է, ինքը՝ նախագահն, ավելի ուշ պարզապանել էր՝ շփվել է մի քանի վարակվածների հետ, որոնցից մեկն անմիջականորեն իր հետ է աշխատում։
Թեև նախագահը որոշել է ինքնամեկուսանալ, նրա խոսնակը հավաստիացրել է՝ նրա կորոնավիրուսային թեստի պատասխանը բացասական է, ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չկան։ Ինքնամեկուսացման շնորհիվ նա չի մեկնի Դուշանբե՝ սեպտեմբերի 15-ին կայանալիք ՀԱՊԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովներին, բայց կմասնակցի հեռավար ձևաչափով։
Դեռ մարտին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ պատվաստվել է։ Ավելի ուշ պարզաբանել էր՝ նախընտրել է կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը։ Ըստ նրա՝ պատվաստված է եղել նաև այն աշխատակիցը, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ վերջինս, Պուտինի խոսքով, ամենայն հավանականությամբ ուշացրել էր վերավակցինացումը և վարակվել է՝ երկորդ դեղաչափը ստանալուց երեք օր անց։
Պուտինի հետ հանդիպող մարդկանց մեծ մասը նախօրորք ենթարկվում էր ինքնամեկուսացման ռեժիմի։
Նախօրեին նախագահը, օրինակ, ընդունել էր պարաօլիմպիկ մարզիկներին, որոնց հետ հանդիպմանն անկեղծացել էր․ «Նույնիսկ իմ շրջապատում են խնդիրներ առաջանում այդ Քովիդի հետ։ Պետք է պարզել, թե այնտեղ իրականում ինչ է կատարվում․․․ Կարծում եմ, ես էլ եմ էսա ստիպված կարանտինի գնալու։ Մեր շուրջը ահագին մարդ կա, որ հիվանդ է»։
Սեպտեմբերի սկզբին նա հանդիպել էր նաև Օլիմպիական խաղերի մեդալակիրների հետ։ Մարզիկներին, որոնք մրցումներից առաջ ինտենսիվ պարապմունքներ էին անցնում, հարկադրել էին նախօրոք ինքնամեկուսանալ, ինչի պատճառով նրանց ստիպված էին եղել դադարեցնել մարզումները։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, օրինակ, որի հետ նախօրեին Պուտինը չհայտարարված հանդիպում էր ունեցել Մոսկվայում, և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հետ Ռուսաստանի նախագահի վերջին հանդիպումը ավարտվեց ռուս-բելառուսական ընդհանուր պետություն հիմնելու մասին հայտարարություններով, նախօրոք չէին ինքնամեկուսացել։