Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կազմում է 26 500 դրամ: Եկող տարի` 2022 թվականին, այն 2100 դրամով կբարձանա՝ խոստանում է սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Արդյունքում՝ կբարձրանա շուրջ 15 600 աշխատանքային կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը, ինչի համար պետական բյուջեից լրացուցիչ 269 միլիոն դրամ կպահանջվի: Շուրջ 5256 զինկենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացման համար բյուջեից կհատկացվի ևս 159.7 միլիոն դրամ», – ԱԺ երկու պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստին ասել է Մկրտչյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հիշեցրել է նաև Կառավարության՝ ավելի երկարաժամկետ խոստումների մասին։
«Հայաստանում նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել՝ հասցնելով 85 հազար դրամի», -նշել է պաշտոնյան՝ շեշտելով՝ սա Կառավարության հնգամյա ծրագրի կետերից մեկն է․ «Մինչև 2026 թվականը հասնելու ենք այն ցուցանիշներին, որ Կառավարության ծրագրում գրվել են»։