Ստեփանակերտ-Լաչին ճանապարհը առավոտյան փակվել է, որոշ ժամանակ անց՝ կրկին բացվել։ Ղարաբաղի ԱԱԾ-ն հայտարարել է, թե «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասպան» անհայտ անձը պայթյուցիկ սարք է նետել ացակետի ուղղությամբ։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ պայթուցիկը նետել է Շուշիի մոտակայքում սպանված Մարտիկ Երեմյանի եղբայրը․․․
Վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է», հաղորդել է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը։
Հայկական որոշ լրատվամիջոցներ ավելի վաղ գրել էին, որ նոյեմբերի 8-ին ադրբեջանցի զինվորականների կողմից սպանված Մարտիկ Երեմյանի եղբայրը նռնակ է նետել ադրբեջանցիների ուղղությամբ, ինչին հաջորդել են անկանոն կրակոցներ, այդ թվում՝ հայկական քաղաքացիական մեքենայի ուղղությամբ:
Չնայած այս վարկածն արդեն բավականին լայն տարածում է ստացել, պաշտոնական աղբյուրները այն չեն հաստատել։
Տելեգրամ-ալիքներում և որոշ ԶԼՄ-ներում շրջանառվում է միջադեպը պատկերող մի տեսանյութ, որում, սակայն, ոչ նռնակը նետելու պահն է հստակ երևում, ոչ էլ պայթյունին հաջորդած «անկանոն կրակոցները»․․․
3 վիրավոր
Միջադեպի հետևանքով ադրբեջանցի երեք զինծառայող է վիրավորվել՝ ասված է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության և դատախազության համատեղ հայտարարությունում։ Ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել միաժամանակ 5 հոդվածներով:
Հայկական կողմից վիրավորներ չկան՝ նշել է Արցախի ԱԱԾ-ն։
Քաղաքացին բերման է ենթարկվել ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայան
Արցախի քաղաքացին ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում է՝ տեղեկացրել է Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։ ՄԻՊ աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար», – գրել է Ստեփանյանը։
թարմացում (նոյեմբերի 13, 19։02) – 1975 թվականին ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը [Նորայր Միրզոյան] գտնվում է Ղարաբաղի քննչական կոմիտեում
ՔԿ-ում նրան այցել է նաև ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։