Մերձմոսկովյան Սերպուխով քաղաքում կանացի մենաստանին կից գործող ծխական դպրոցի մուտքի մոտ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել։
«Новая газета»-ի փոխանցմամբ 12 հոգի, մեծ մասը դպրոցականներ, տարբեր աստիճանի վնասվածքներ ու այրվածքներ են ստացել։ Շենքի ներսում մնացած երեխաներին տարհանել են պատուհանից։ Կան հոսպիտալացվածներ։
«Интерфакс» տվյալներով՝ պայթուցիկը գործարկել է ծխական դպրոցի նախկին աշակերտներից մեկը։ Պրոկառավարական ТАСС գործակալությունը պնդում է, որ հարձակումը նախատեսվում էր իրականացնել առավոտյան (մանկական) պատարագի ընթացքում․ ինքնաշեն սարքը պայթել է վանքի մուտքի մոտ նախատեսվածից շուտ։
Նույն աղբյուրի տվյալներով, հարձակման դրդապատճառ է հանդիսացել աշակերտի ատելությունը ուսուցիչների և միանձնուհիների նկատմամբ՝ իր ուսման ընթացքում հալածանքների ենթարկվելու պատճառով։
112 տելեգրամ ալիքի տվյալներով, պայթյունի ժամանակ հարձակվողը զրկվել է ոտքից։ Սկզբում ТАСС և РИА Новости գործակալությունները հայտնում էին, որ նա մահացել է։ Հետո հայտնի դարձավ՝ նա ողջ է և երկար ժամանակ մնացել է դպրոցի մոտակայքում։
Այժմ նրան տարել են շտապ օգնության մեքենայով, տեղեկացնում է Shot յութուբյան ալիքը։