Home / Բնապահպանություն / Սուպեր թայֆուն Ֆիլիպիններում․ Կա ավելի քան 200 զոհ

Սուպեր թայֆուն Ֆիլիպիններում․ Կա ավելի քան 200 զոհ

Դեկտեմբերի 16-ին Ֆիլիպինների հարավարևելքում հարվածել է «Ռայ» սուպեր թայֆունը։ Ըստ «Reuters»-ի, հայտնաբերված զոհերի թիվը հասնում է 208-ի։ Տեղի ոստիկանությունը զեկուցել է 239 վիրավորների և 52 անհետ կորածների մասին։ Բնակիչներից 300 հազարը փախուստի են դիմել։

Փոթորիկը հարվածել է մի քանի խիտ բնակեցված տարածքների՝ այդ թվում 1 մլն բնակչությամբ Սեբու քաղաքին։ Տուժած տարածքների հետ կապը խաթարվել է, ինչի պատճառով դժվար է գնահատել հասցված ավերումների իրական մասշտաբը․ հավանական է, որ զոհերի թիվը կաճի։

Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային դաշնությունը անհապաղ դրամահավաք է սկսել՝ աղետի հետևանքների հետագա հաղթահարման համար՝ նպատակադրված լինելով հավաքել մոտ 22 մլն դոլար։

«Ռայ»֊ն այս տարի Ֆիլիպիններին հարվածող 15֊րդ փոթորիկն էր։ Քամիների արագությունը հասել է մոտ 195կմ/ժ֊ի։ Այժմ փոթորիկը շարժվում է Չինաստանի ուղղությամբ։ Ուժգնությունը շարունակաբար նվազում է․ քամիների արագությունը ներկա դրությամբ հասնում է առավելագույնը 165 կմ/ժ֊ի։

Ֆիլիպինների պատմության ամենամահացու փոթորիկն եղել է 2013-ի Հայյան թայֆունը, որի ժամանակ գրանցվել է ավելի քան 6 հազար զոհ։