Վարդաշենի անօթևանների կացարանի 93 բնակիչները տեղափոխվելու են թիվ 1 տուն-ինտերնատ։ Նրանց կացարանով մինչ այս ապահովում էր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից․ մոնիթորինգից հետո սոցապ նախարարությունը լուծարել է հիմնադրամի հետ կնքված պայմանագիրը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ հանձն է առել կազմակերպելու անօթևան անձանց օթևանով ապահվելու գործընթացը՝ 2022 թվականի հունվարի 1-ից այն կազմակերպելով «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի առանձին մասնաշենքում և համապատասխան ֆինանսավորմամբ։
Այս ծառայությունը մինչ այժմ մատուցվում էր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից, որի համար հիմք հանդիսացող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին։
2021 թվականի մարտի 29-ին «Հանս Քրիստիան Կոֆոեդ»-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ պետությունը ֆինանսական աջակցություն էր տրամադրել բարեգործական հիմնադրամին՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցելու նպատակով։ Սակայն, նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հիմնադրամը թույլ է տվել մի շարք լուրջ խախտումներ և բացթողումներ։ Ինչից հետո որոշում է կայացվել լուծել պայմանագիրը։
Սահմանված ընթացակարգի համաձայն՝ հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ՝ անօթևան անձանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ մատուցելու համար, որին, սակայն, որևէ կազմակերպություն չի դիմել։
«Կարևորելով անօթևան անձանց մատուցվող ծառայությունների որակն ու դրանց պատշաճ իրականացումը, նախարարությունը սահմանված կարգով կհոգա քաղաքացիների կեցության հարցը՝ մինչ 2021 թ․դեկտեմբերի 31-ը կազմակերպելով վերջիններիս տեղափոխումը «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենք»,- հայտնում է նախարարությունը։