ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics ընկերությանն ու դրա երեք բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել պաշտպանողական արտադրանքի արտահանումը կարգավորող օրենքը խախտելու համար:
The Jerusalem Post-ը նշում է, որ քրեական գործի մանրամասները գաղտնի են պահվում, ենթադրաբար՝ որովհետև գնորդը մի երկիր է, որի հետ Իսրայելը հատուկ հարաբերություններ ունի, կամ որովհետև հանրայնացումը կարող է վնասել ԱԹՍ-ների ձեռքբերման գործարքներին։
Հիշեցնենք՝ Aeronautics Defense Systems ընկերությունը 2017 թվականին սկանդալի կենտրոնում էր հայտնվել․ մամուլը պարզել էր, որ ընկերության աշխատակիցները Ադրբեջան այցի ընթացքում Orbiter 1K հարվածային ԱԹՍ-ների կարողությունները ցուցադրել էին հայկական դիրքերի վրա իրականացված հարվածի միջոցով: The Times of Israel-ը գրել էր, որ հարձակման հետևանքով երեք հայ զինծառայողներ են վիրավորվել։ Արդյո՞ք այս միջադեպի վրա է հիմնվում քրեական գործը՝ չի նշվում։
Սկանդալի պատճառով այն ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարարությանը կասեցրել էր ընկերության երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում գլխավոր գործադիր տնօրենի, արտահանման լիցենզիաները․ նրանք չէին կարող օտարերկրյա գնորդների հետ բանակցություններ վարել կամ գործարք կնքել: Հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի քննությամբ զբաղվում էին Իսրայելի Ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննության բաժինը, Գլխավոր դատախազությունն ու Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը։
Քննությունը չավարտված՝ 2019 թվականին հայտարարվեց, թե Իսրայելի ՊՆ-ն վերանայել է իր որոշումն ու վերացրել արտահանումների արգելանքը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Aeronautics Defense Systems-ը բազմամիլիոնանոց գործարք է կնքել Ադրբեջանի հետ։ Հետագայում իսրայելական ընկերությունը որոշեց նաև ներկայացուցչություն բացել Ադրբեջանում։