Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում ձերբակալվել է երեկ Բաքվից Երևան վերադարձած հինգ զինծառայողներից մեկը՝ հայտնում է ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Մյուս չորս զինծառայողները հարցաքննվել են։
Նույն քրեական գործով մինչ այս կալանավորվել էին նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում գերեվարված (և դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված) ևս 5 զինծառայողներ՝ զորամասի հրամանատարի տեղակալը, դիրքի պատասխանատուն և ավագը, դիրքի դիտորներդները։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Ըստ Քննչական կոմիտեի, նրանք խախտել են կանոնակարգը, ինչի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ներխուժել են Հայաստանի տարածք, դիրքում մնացած զինծառայողները գերեվարվել են, մարտական դիրքն անցել է հակառակորդին։
Զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանի կալանավորումը առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 10-ին մերժել էր, վերաքննիչ դատարանը, սակայն, դեկտեմբերի 28-ին բավարարել էր դատախազության միջնորդությունը․ մայոր Երիմյանը ևս կալանավորվել է։
Ըստ ՄԻեդ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի, նոյեմբերի 16-ի բախումներից հետո Հայաստան է վերադարձվել 26 ռազմագերի, ևս 6 ռազմագերի դեռ գտնվում է Ադրբեջանում։