Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2019 թվականի դեկտեմբերի 26-ին չհայտարարված այց են կատարել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան: Այցի ընթացքում արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.
• շահառուների պնդմամբ՝ հաշմանադամություն ունեցող անձինք զրկված են կենսաթոշակներն ամբողջությամբ ինքնուրույն տիրապետման հնարավորությունից, քանի որ թեև գումարը ստանում են անձամբ, սակայն ստացած գումարի մի մասը տալիս են կացարանի աշխատակցին «իրենց հաստատությունում պահելու կամ ուշադիր լինելու համար»,
• կացարանի շենքը, լոգարանները և սանհանգույցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին,
• պահպանված չեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունվարի 31-ի թիվ 13-Ա/1 հրամանով սահմանված՝ առանձնասենյակների կահավորման չափորոշիչները,
• չեն տրամադրվում բնակիչների անձնական հիգիենայի բավարար պարագաներ,
• առկա չեն առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման, պահպանման և վարման միասնական կարգեր,
• չի ապահովվում բժշկական թափոնների պատշաճ խոտանումը օրենսդրությամբ սահմանված կարգով,
• խոհանոցում և սննդի պահեստում առկա չեն սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ,
• չի վարվում սննդամթերքի հաշվառման մատյան,
• այցի պահին հաստատությունում առկա է եղել ժամկետանց սննդամթերք, այդ թվում՝ մածուն (պիտ. ժամկետը՝ մինչև 25.12.2019), կոնֆետ «Լաստոչկա»՝ (պիտ. ժամկետը՝ մինչև 30.06.2019 և դեղձի ջեմ՝ (պիտ. ժամկետը՝ մինչև 07.09.2019):
• այցի պահին արձանագրվել է, որ այդ օրվա ճաշացանկով նախաճաշի համար նախատեսված կաթնաշոռը և թթվասերը չի տրամադրվել,
• չի պահպանվում պատրաստի կերակրատեսակի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը, մասնավորապես՝ բուժաշխատողը ներկա չի լինում նմուշառմանը,
• լոգանքը կազմակերպվում է ըստ ժամանակացույցի՝ շաբաթական մեկ անգամ: Շահառուների պնդմամբ՝ մեկ անձի համար տրամադրվում է առավելագույնը 20 րոպե, որի ավարտից հետո տաք ջուրն անջատվում է կամ շահառուին հարկադրաբար դուրս են բերում լոգասենյակից:
• առկա չեն մարմնական վնասվածքների կամ ենթադրյալ բռնության դեպքերի արձանագրման մատյաններ,
• շահառուների բժշկական քարտերում բացակայում են պարբերական գրառումները,
• չեն պահպանվում կացարանի աշխատողների առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության գործընթացները և չեն տրամադրվում անձնական սանիտարական (բժշկական) գրքույկներ:
ՄԻՊ-ի գրասենյակի հաղորդագրությունում նշվում է, որ այցի ընթացքում արձանագրված մի շարք խնդիրներ տեղում ստացել են լուծումներ, մասնավորապես, հեռացվել են սոցիալական ներառականությանը խոչընդոտող և խտրականություն առաջացնող «մեկուսարան» ցուցանակները այն առանձնասենյակներից, որտեղ բնակվող անձանց մեկուսացման համար բացակայում են հիմքերը:
Կառավարության որոշման համաձայն անօթևան անձին տրամադրվում է ժամանակավոր կացարան մինչև 90 օր տևողությամբ: