Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից ավելի քան 7 տարի անց գործով ամբաստանյալները դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։
Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող նրա ծառայակիցների՝ Գնել Թևոսյանի, Վաչե Սահակյանի, Նորիկ Սահակյանի, Մովսես Ազարյանի, արարքները Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է որպես մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում սպանություն։
Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Հայկազ Բարսեղյանի դին 2015թ․ հունվարի 29-ին հայտնաբերել էին զորամասի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Բացի դա, կուրսանտի մարմնին բազմաթիվ վնասվածքներ են եղել։
Ըստ Բարսեղյանի հոր, Հայկազին ծեծել են մի քանի հոգի՝ հարբած վիճակում: Դրանից հետո՝ գիշերը, 4 կուրսանտները հարձակվել են քնած Հայկազի վրա, խեղդել նրան, կտրել զարկերակը: Արդեն մահացած կուրսանտի դիակը, 3 հարկ իջեցնելով, տարել են շենքից 500 մետր հեռավորության վրա և կախել պտտաձողից։ Հայրն ընդգծում է՝ ինքնասպանության պատրանք ստեծելու համար Հայկազի անունից երկտող են գրել. «Ոչ մեկ մեղավոր չի, ուղղակի հոգնել եմ, քաշքշուկի համար կներեք»: Քննության ընթացքում ձեռագրաբան-հոգեբաններն ապացուցված են համարել, որ երկտողի հեղինակը Հայկազը չէ։
Դեպքի հաջորդ օրը հրապարակված Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված էր, որ Բարսեղյանի մահվան դեպքի առթիվ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5,-րդ, 7-րդ և 10-րդ կետերով, այն է՝ խմբի կազմում, խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ սպանություն: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սպանության մեղադրանքով ձերբակալվել են Հայկազի 4 համածառայակիցները։
Նախաքննությանը զուգահեռ՝ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը մի քանի օր անց հրաժարական է ներկայացրել: Իր հերթին, այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց, որ 30 բարձրաստիճան պաշտոնյա կազատվի աշխատանքից: Չնայած դրան՝ նախարարությունն ինչ֊որ ժամանակ շարունակում էր լռել այն մասին, որ գործով ձերբակալվածներից Գնել Թևոսյանի հայրը՝ գնդապետ Զարմիկ Մարկոսյանը, նույն ինստիտուտի պետի սպառազինության գծով տեղակալն է (ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Գնելը փոխել է իր ազգանունը իր և հոր միջև արտաքուստ կապը թաքցնելու համար)։