Home / Բանակ / Ռուսական պետությունը վախենում է բանակից և հաղթում, երբ տերությունների կողմից է

Ռուսական պետությունը վախենում է բանակից և հաղթում, երբ տերությունների կողմից է

Ռուսական պետությունը սիրում է զենք թափ տալ, ճոճել նիզակը, ներկայանալ որպես ռազմական պետություն։ Իհարկե, դա այդպես չէ։ Ռուսական պետությունը ռազկան պետություն չէ, այլ՝ ԿԳԲ-ական․ բանակի նկատմամբ այն անվստահություն է տածում։

Պատմականորեն, եթե նայենք հեղափոխական ռեժիմներին՝ անգամ մինչև բոլշևիկներ, բանակի նկատմամբ անվստահությունը հստակ տեսանելի է։ Եվ հասկանալի է՝ ինչու։ Ենթադրենք՝ ես ընկեր Կերենսկին եմ։ Ինչի՞ հետ եմ ես համեմատում ռուսական հեղափոխությունը։ Առաջին հեթին՝ ֆրանսիականի, երկրորդ հերթին՝ գուցե անգլիականի։ Եվ ես գիտեմ, որ թե անգլիական և թե ֆրանսիական հեղափոխություններն ավարտվել են իշխանության բռնազավթմամբ սեփական՝ հեղափոխական գեներալների կողմից։

Նկատի ունենալով սա՝ ես բնականաբար որոշակի նախազգուշական միջոցներ եմ ձեռնարկելու։ Բոլշևիկների իշխանության գալը մեծապես կարող է պայմանավորված լինել նրանով, որ Կերենսկին ահավոր վախենում էր բանակի վտանգից։ Եվ չեզոքացնում այն բոլոր հասանելի միջոցներով։ Ձախերից եկող վտանգը նա համարում էր պակաս իրատեսական։

Բոլշևիկները, որոնք փոխարինեցին Ժամանակավոր կառավարությանը, մոտավորապես նույնն էին դավանում։ Տրոցկու մոտ՝ «Իմ կյանքում», սա հստակ երևում է Լենինի հետ խոսակցության մեջ։ Խոսում են նախկին ցարական սպայի, այժմ Պետրոպավլովյան ամրոցի պարետի մասին՝ հրաշալի մի սպա։ Եվ ահա Լենինը հարց է տալիս՝ նա չափից դուրս լավը չէ՞ արդյոք։ Այսինքն՝ մենք մեր գլխին սեփական բոնապարտներ չենք ստեղծո՞ւմ արդյոք։

Երբ կարդում ես այդ խոսակցությունները, երբ կարդում ես հեղափոխության և քաղաքացիական պատերազմի շրջանի փաստաթղթերը, դա հստակ երևում է՝ այդ ահը Բոնապարտից։ Եվ հստակ երևում է, որ շատերին ուղղակի սրբում էին՝ և պատերազմի ընթացքում, և պատերազմից հետո․․․ Այսինքն՝ փորձում էին էլիմինացնել պոտենցիալ վտանգը, որ գալիս էր չափից դուրս անկախ որլորդներից։

Հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ընթացքում հասունացած պետությունը, իսկապես, որոշակի վախ, անվտահություն էր տածում բանակի նկատմամբ․ կային հակահսկողության տարբեր ձևեր՝ կուսակցական, ԳԲ-ական․․․ Դա շատ երկար  պահպանվում էր։

Ի՞նչն է սպառնում նման ռեժիմին։ Առաջին հերթին դա մեծ պատերազմն է։ Խաղաղության պայմաններում գեներալների վտանգը կարելի է ինչ-որ կերպ մինիմալացնել ընթացակարգային հսկողության շնորհիվ՝ վերևներից, շտաբի կամ ռազմական դատախազության կողմից, ԿԳԲ-ի գծով և այլն։

Պատերազմի պայմաններում սա անխուսափելիորեն գրողի ծոցն է գնում․ ընթացակարգային վերահսկողությունը թուլանում է, շատ բան հիմնվում է անձնական խոսքի, անհակատական հրամանի վրա։

Սարսափելի մեծ է վտանգը, որ գեներալները, հրամանատարները ձեռք կբերեն անձնական, անհատական հսկողություն սեփական զորքերի նկատմամբ։

Եթե նայենք անգլիական քաղաքացիական պատերազմի պատմությանը, այնտեղ դա շատ լավ է երևում․ կռվում էր պարլամենտը, կռվում էր թագավորը, և պարլամենտը հաղթեց։ Հաղթանակից հետո խորհրդարանը որոշեց արձակել սեփական բանակը։

Բանակի հրամանատար Թոմաս Ֆերֆաքսը կողմ էր։ Բայց դեմ էին գնդերի հրամանատարները․ նրանք արձակվելու ցանկություն չունեին։ Իրականության մեջ՝ 17-րդ դարի պայմաններում, գնդերի հրամանատարները այդ գնդերի տերերն էին․ նրանք ինքնուրույն էին դրանք կազմավորում։ Հենց այսպես, մեծ հաշվով, ամեն ինչն էլ ավարտվեց։ Եվ ավարտվեց ռազմական ուզուրպացիայով։

Սա շատ լուրջ վախ է յուրաքանչյուր քաղաքացիական կառավարության համար՝ հատկապես թույլ լեգիտիմությամբ, որը խոշոր պատերազմ է վարում։ Եվ ինձ թվում է, որ այս վախը ոնց որ թե բավականաչափ հաշվի չի առնվում։ Թեև այն շատ պարզ տեսանելի է։

Նայեք Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Բոլոր ամփոփագրերում ռուսական զորքերն այս արեցին, ռուսական բանակն այն արեց․․․ Ոչ մի տեղ չկան գեներալների անուններ։ Կադիրովը, պարզ է, երբեմն երևում է։ Բայց գեներալները չկան։

Ինձ թվում է՝ սա տրամաբանական է։ 90-ականներին սա լուրջ մարտահրավեր էր ռուսաստանյան կառավարության, իշխանությունների համար։ Երբ գեներալների անունները հայտնվում էին լրահոսում, վերնագրերում, դա նրանց որոշակի փառք էր տալիս, անկախություն, ազդեցիկություն։ Ռեժիմի համար սա վերածվում էր պրոբլեմի․ նրանց բոլորին՝ այդ գեներալ-սուպերաստղերին, ստիպված եղան մաքրել։ Այժմ նրանք փորձում են հենց սկզբից խուսափել սրանից։

Թեզս հետևյալն է․ ռուսաստանյան ռեժիմը ռազմական ռեժիմ չէ, այն ԿԳԲ-ական ռեժիմ է, որն անվստահություն է տածում բանակի նկատմամբ։ Բանակաշինությունն ընթանում է ոչ թե ռազմական հզորությունը առավելագույնին հասցնելու, այլ՝ ռեժիմի համար զինվորականության կողմից եկող քաղաքական վտանգը նվազագույնին հասցնելու ճանապարհով։

Եթե մենք սա հաշվի չառնենք, չենք հասկանա, թե ինչու է բանակն իրեն այսքան վատ դրսևորում այս պատերազմում։

<․․․>

— Մեզ մոտ, իհարկե, ռուսական ռազմական պերֆորմանսը մի փոքր ռոմանտիզացվում է, թե բա «մենք ամենաուժեղն են, բոլորին կհաղթենք» և այլն․․․ Որո՞նք ենք մեր ամենահերոսականացված հաղթանակաները․ բոլորը դրանց մասին գիտեն։ Առաջին հերթին, իհարկե, Երկրորդ համաշխարհային պատերազմն է, երկրորդ հերթին՝ 1812 թվի պատերազմը՝ հաղթանակը Նապոլեոնի նկատմամբ։ Տարատեսակ 7-ամյա կամ Հյուսիսային պատերազմների մասին ավելի քիչ է խոսվում։ Ի՞նչն է միավորում այս երկու հաղթանակները՝ 12 թվինն ու Երկրորդ համաշխարհայինը։ Երկու դեպքում էլ Ռուսաստանը աշխարհի առաջատար արդյունաբերական, տնտեսական, ֆինանսային տերության կողմից էր։

1812 թվականին Ռուսաստանը պատերազմել է Բրիտանիայի, Երկրորդ համաշխարհայինին՝ ԱՄՆ-ի կողմից։ Երկու դեպքում էլ հսկայական աջակցություն է ստացել տնտեսական հեգեմոնից, տնտեսական կենտրոնից։ Եթե մի քիչ ցինիկաբար վերաբերվենք, ապա՝ երկու անգամն էլ կրակից շագանակներ է հանել նրանց համար։

Նայենք 12 թվականի պատերազմին։ Նապոլեոնական պատերազմներից առաջ աշխարհում կային որոշ քանակի խոշոր գաղութային տերություններ, անկախ նավատորմեր, ծովային տերություններ․․․ Դրանցից ոչ մեկը մինչև նապոլեոնական պատերազմները բացարձակ, տոտալ առավելություն չուներ։ Ոնց որ, օրինակ, ամերիկյան հեղափոխության ժամանակ․ Ամերիկան անկախացավ՝ շնորհիվ միաժամանակ Ֆրանսիայի, Իսպանիայի և Նիդերլանդների՝ ընդդեմ Անգլիայի համախմբման։ Նապոլեոնի պատերազմների հետևանքով աշխարհում հաստատվեց մեկ գաղութային կայսրություն՝ Բրիտանականը և միայն մեկ նավատորմ՝ բրիտանական։ Բրիտանական կարծր հեգեմոնիան, մեծ հաշվով, պահպանվեց ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջ՝ բոլոր վերապահումներով հանդերձ։

Այսինքն՝ այո, 12 թվին Ռուսաստանը պարտության մատնեց Նապոլեոնին, իսկ Երկրորդ համաշխարհայինին՝ Հիտլերին։ Դա արվեց՝ աշխարհի խոշոր տնտեսական տերությունների հետ դաշնակցելով․ Ռուսաստանը հսկայական օգնություն էր ստանում նրանցից, ինչի մասին մեզ մոտ նախընտրում են չհիշել, չխոսել, որովհետև ոչ ոք, իրականում, չի սիրում հիշատակել դաշնակիցների դերը կոալիցիոն պատերազմներում։ 

Ռուսաստանը մեծ ռազմական հաջողություններ է գրանցում, երբ նա պատերազմում է դաշնակցելով տնտեսական հեգեմոնների հետ, որոշակի հաջողությունների է հասնում, երբ ունի արևմտյան, եվրոպական դաշնակիցներ։ Երբ նրանք չկան, լավագույն դեպքում Ղրիմի պատերազմ է ստացվում, վատագույն դեպքում՝ Լիվոնյան՝ հետագա քայքայմամբ հանդերձ։ Կարծում եմ, Ռուսաստանն այժմ գնում է երկրորդ ճանապարհով։

Կամիլ Գալեև, պատմաբան
հատված Յուլիա Լատինինայի հետ հարցազրույցից