Պն նախկին փոխնախարար, ԳՇ նախկին պետ, ԱԽ նախկին քարտուղար, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը կալանավորվել է։
Մարտի 17-ին միջնորդությունը ներկայացվել էր դատարան, այսօր այն բավարարվել է։
Խաչատուրովը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով։ Ձերբակալվել էր երեքշաբթի առավոտյան՝ Կիևյան փողոցում ընդդիմության «անհնազանդության ակցիայի» ժամանակ։ Խաչատուրովը փողոց փակողների շարքում էր։
«Ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապահից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյուքնում վերջինս կորցրել է գիտակցությունը», – մարտի 17-ին հայտարարել էր Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ հավելելով, որ ոստիկանին բռնության ենթարկածներից մեկը Իգոր Յուրիի Խաչատուրովն է։
Քննչական կոմիտեն պնդում է, որ «քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում»:
Վարույթն իրականացնող մարմինը տոքսիկոքիմիական փորձաքննություն է նշանակել։ Իգոր Խաչատուրովը փորձանմուշներ տալուց հրաժարվել է։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ընդդիմությունը Խաչատուրովին համարում է «քաղբանտարկյալներ»: