Home / Հայաստան / Երևանից Շարմ Էլ Շեյխ թռնելը «քաղաքակրթական հարց է»

Երևանից Շարմ Էլ Շեյխ թռնելը «քաղաքակրթական հարց է»

«Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել հայկական ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկի արարողությունը։ 

Միջոցառումը մեկնարկել է Շարժայի միջազգային օդանավակայանից Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավի Հայաստան ժամանմամբ՝ իր հետ բերելով «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավին դիմավորել են ջրային կամարով։

«Սա ուղղակի միայն տեղաշարժի հարց չէ, սա նաև քաղաքական, քաղաքակրթական հարց է, որովհետև երբ մեր հանրության ինչքան հնարավոր է լայն շերտեր հնարավորություն են ունենում ճամփորդելու, շփվելու այլ երկրների հետ, դա հնարավորություն է, որ մենք ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ, ավելի ճիշտ գնահատենք ինքներս մեզ, ավելի մեծ էներգիա ունենանք և ավելի ճիշտ պատկերացում մեր հետագա անելիքների մասին»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում։

Արարողությանը ներկան են եղել նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, Էյր Արաբիա ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին և պաշտոնատար այլ անձինք:

Fly Arna-ն հայտարարել է իր առաջին առևտրային չվերթի իրականացման օրը: Այն կիրականացվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան 2022 թվականի հուլիսի 3-ին: Fly Arna-ի մեկնարկային ուղղությունները կներառեն նաև ուղիղ չվերթներ, որոնք կկապեն Հայաստանը Հուրգադայի, Շարմ Էլ Շեյխի և Բեյրութի հետ:

Հիշեցնենք, որ 2021թ․-ի հոկտեմբերի 14-ին ընդունվեց նախագիծը, որով Հայաստանի կառավարությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» 10-ական միլիոն դոլար են ներդնում՝ ավիաընկերություն հիմնադրելու համար։ Ըստ նախագծի՝ ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել ավելի քան 4 միլիարդ 733 միլիոն դրամ։

Ավիաընկերության կառավարումն իրականացվելու է Էյր Արաբիայի կողմից, որն Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ամենամեծ ավիափոխադրողն է համարվում: