ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։
Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ բերման ենթարկելու պատճառը մոտ 2 տարի առաջ հարուցված քրեական գործն է՝ «Ազատություն» ռադիոկայանի հոդվածի հիման վրա։ Եսայանն այս պահին ունի ձերբակալվածի կարգավիճակ։
2020թ․-ի նոյեմբերի 11-ին հարձակում էր տեղի ունեցել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի (ավելի շատ հայտնի որպես «Սորոսի» գրասենյակ) Հայաստանի գրասենյակի վրա: Անհայտ անձինք, «Ազատության» հրապարակած տեսանյութում, կոտրում էին «Սորոսի» գրասենյակի դուռը, այնուհետև ներս մտնելով ջարդուփշուր անում գույքը։ Նույն օրը՝ ավելի ուշ, հարձակման փորձ եղավ նաև Ազատության երևանյան գրասենյակի վրա։
«Պարոն Եսայանին բերման են ենթարկել աշխատավայրից, առանց որևէ պատճառաբանության, որովհետև, ըստ էության, ծանուցում էլ չեն ուղարկել և պարոն Եսայանը տեղյակ չի եղել, որ կա անհրաժեշտություն ինչ-որ քննչական գործողության մասնակցելու։ Ձերբակալման արձանագրության մեջ նշել են, որ ձերբակալում են կալանավորման միջնորդություն ներկայացնելու համար և մեղադրանք են առաջադրելու։ Մենք կներակայանանք կալանավորման քննության դատական նիստին, միաժամանակ պարոն Եսայանին ձերբակալելը կբողոքարկենք այդ դատական նիստում, որովհետև սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում»,- հայտնել է Եսայանի փաստաբանը factor.am-ին։
Քրեական գործը վերաբերում է ՔՕ 225 հոդվածի 2-րդ մասին՝ Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և 164 հոդվածի 1-ին մասին՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը։