Շիրակի մարզի Բագրավան համայնքի նախկին ղեկավարը հափշտակել է 17.275.000 դրամի գույք, հաղորդել է ԱԱԾ-ն։
Հաղորդման համաձայն՝ Բագրավանի նախկին ղեկավար Արտյոմ Պետրոսյանը, համաձայնության գալով որոշ համագյուղացիների հետ, համայնքապետարանում աշխատանքի է ընդունել մի շարք մարդկանց։ Թեև վերջիններս աշխատանքի չեն հաճախել և պարտականությունները չեն կատարել, Պետրոսյանը կազմել, հաստատել և վավերացրել է «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր» և աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել: Այնուհետև, կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից մի խումբ մարդկանց անունով անհիմն ելքագրվել և 2015-2017 թվականների ընթացքում հափշտակվել է ընդհանուր 6.020.000 դրամ։
Բացի այդ, նախկին պաշտոնյան, համաձայնության գալով համայնքապետարանի հաշվապահի հետ, 2012-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում, համայնքի 22 բնակիչներից ստացել է պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված սերմացու ցորենի դիմաց կատարած 2.000.000 դրամի չափով վճարումները, բայց դրանք չի մուտքագրել համայնքի բյուջե և չի փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱկ-ի հաշվեհամարին, այլ գրպանել է՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը:
Ավելին՝ 2010-2014 թվականների ընթացքում Պետրոսյանը՝ օգտագործելով սոցիալապես անապահով 10 մարդկանց անուններով լրացված և այլոց կողմից ստորագրված կեղծ դիմումներ, համայնքի բյուջեից ելքագրել է ընդհանուր 1.500.000 դրամ, որը չի փոխանցել հասցեատերերին, այլ կրկին հափշտակել է՝ օգտագործելով իր անձնական կարիքների համար:
ԱԱԾ-ն պարզել է նաև, որ նախկին գյուղապետը, իր ազգականների հետ համաձայնության գալով՝ կազմել և վավերացրել է նրանց պատկանող ավտոմեքենաները համայնքապետարանի կողմից վարձակալելու մասին կեղծ պայմանագրեր։ Այս ավտոմեքենաները, սակայն, երբևէ չեն օգտագործվել համայնքապետի աշխատակազմի կողմից կամ համայնքի կարիքների համար։ Այսպիսով՝ վարձակալական կեղծ պայմանագրերով պարտավորությունների կատարման համար մեքենաների սեփականատերերի անունով բյուջեից ելքագրվել և գրպանվել է 7.775.000 դրամ։
Դեպքերի առթիվ Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում քրգործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ (Խարդախությունը) հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Ընթանում է նախաքննություն։