Վերջին 1 տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել, հայտնում է Փաստերի ստուգման հարթակը։
Արդեն 2021թ․-ի ապրիլին նա դարձել է միանգամից 3՝ «Գոու Թրեյդ», «Մինա Մայա», «Արգիշտի-2», իսկ 2022թ․-ի փետրվարին՝ «Միթ Ագրո» ՍՊԸ-ների տնօրեն։
Փաշինյանի եղբայրը Հայաստան է վերադարձել 2018թ․-ի հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա ապրում էր Ռուսաստանում և աշխատում լոգիստիկ ընկերությունում՝ որպես լոգիստիկայի գծով տնօրեն։
«Գոու թրեյդ»-ը ստեղծվել է 2018թ․-ին՝ հեղափոխությունից շաբաթներ անց։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով։ Կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականին այն աշխատել է վնասով։ Ընկերության հիմնադիրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է։ Մինչ Փաշինյանը ընկերության տնօրենը Տիգրան Գևորգյանն էր։
«Մինա-Մայա»-ն հիմնադրվել է 2001թ․-ին։ Ընկերությունը շահագործում է Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ները։ 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց մեկ ամիս անց, 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դառնում Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը։ Հեղափոխությունից հետո՝ 2019-ին, ընկերության 100 տոկոս բաժնեմասերը ձեռք է բերում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի եղբայր, 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Մենք» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Վաչիկ Քոքոբելյանը։ Ընկերության տնօրեն է նշանակվում նույն Տիգրան Գևորգյանը։
«Արգիշտի-2»-ը հիմնադրվել է 2020թ․-ին։ Հիմնադիրներն են Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը։ Ինչպես «Մինա-Մայան», այնպես էլ «Արգիշտի-2»-ը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, շահագործում է «Մարցիգետ ՓՀԷԿ-2»-ը։ Անցյալ տարվա ապրիլի 27-ին ընկերությունը ձեռք է բերում Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին՝ 20-ամյա Յուրի Քոքոբելյանը, և նույն օրը Արմեն Փաշինյանին նշանակում ընկերության տնօրեն։
Սամվել Դարբինյանի դեմ քրեական գործ էր հարուցվել դեռևս 2019 թվականի օգոստոսին՝ իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման մի քանի դրվագներով։ Արմեն Փաշինյանի՝ ընկերության տնօրեն դառնալուց ամիսներ անց հարուցված քրեական գործի նախաքննությունը վերջապես ավարտվեց և ուղարկվեց դատարան, որտեղ էլ միանգամից կարճվեց, իսկ Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
«Միթ ագրո»-ն ստեղծվել է 2021թ․-ին՝ Յուրի Քոքոբելյանի կողմից։ Զբաղվում է մսի առևտրով։ Ընկերության տնօրենը, ինչպես Քոքոբելյանների նախորդ ընկերությունների դեպքում, կրկին Տիգրան Գևորգյանն էր։
Տիգրան Գևորգյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կնոջ՝ Լիլիթ Խաչատրյանի եղբայրն է։
Ստացվում է, որ Քոքոբելյանների բիզնեսները նախկինում վարում էր Սասուն Խաչատրյանի կնոջ եղբայրը, իսկ անցյալ տարվանից սկսած Քոքոբելյանները Տիգրան Գևորգյանին փոխարինում են Արմեն Փաշինյանով։