Home / Բանակ / Հայաստանի ղեկավարը ՀԱՊԿ-ին հիշեցրել է ՀԱՊԿ-ի դրույթների մասին

Հայաստանի ղեկավարը ՀԱՊԿ-ին հիշեցրել է ՀԱՊԿ-ի դրույթների մասին

Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն, և այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ-ում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԽ քարտուղարների և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը վերստին ընգծել է՝ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացումը «մեր նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է, և մենք կարծել ու կարծում ենք, որ պետք է լավարկել կոնկրետ իրավիճակներին արագ և ճգնաժամային արձագանքման մեխանիզմները»․

«Ցանկանում եմ նշել, որ սկզբունքորեն մենք նաև իրավական դաշտ ունենք այդ առումով, և 2010 թվականի դեկտեմբերի 10-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ընդունվել է դրույթ՝ ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ-ի արձագանքելու կարգի վերաբերյալ, և ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը բավական հասկանալիորեն ձևակերպում է այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն մեր կազմակերպությունում»։

Փաշինյանը հատուկ շեշտել է այդ դրույթում ամրագրված՝ «առաքելություն» հասկացությունը, որի համաձայն «անդամ պետությունների մասնագետների խումբ» կարող է ուղարկվել ճգնաժամային իրավիճակի գոտի՝ մշտադիտարկում իրականացնելու, իրադրությունը տեղում որոշելու և ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և կարգավորման ուղղությամբ հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկներ մշակելու նպատակով։

«Ցանկանում եմ նաև ուշադրություն հրավիրել, որ այս փաստաթղթի երկրորդ գլխում կա «Մոնիթորինգ» կոչվող գլուխ, և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտական հիմունքով իրականացնում է կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի և դրա զարգացման միտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն՝ ճգնաժամային իրավիճակների նախադրյալները վերհանելու նպատակով», – հավելել է պաշտոնյան։

Փաշինյանը կրկին անդրադարձել է անցած տարվա մայիսի 12-ի դեպքերին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել էին Հայաստանի տարածք։ Հայաստանն այն ժամանակ դիմել էր ՀԱՊԿ-ին․

«Տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունները շարունակվում են, և մենք այս հարցը պետք է քննարկենք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ դա և՛ մեզ, և՛ կազմակերպության համար շատ սկզբունքային հարց է․․․

Ես ցանկանում եմ նշել նաև հետևյալը. մեր տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո որոշ մեկնաբանություններ եղան առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա սահմանագծված և սահմանազատված սահման: Անկեղծ ասած, սա բավական վտանգավոր ձևակերպում է, քանի որ, ահա, մենք ասում ենք՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի:

Եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնվեն այն սահմանները, որոնցով իրականացվել են դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացները, դա կարող է լղոզել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հասկացությունը, քանի որ հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է սկսվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, և որտե՞ղ է ավարտվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին:

Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի կոնկրետ սահման, քանի որ 1991 թվականին, երբ ստեղծվել է Անկախ պետությունների համագործակցությունը, ստորագրվել է միջպետական համաձայնագիր, որում հստակ գրված է, սահմանված է, որ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց միջև գոյություն ունեցող սահմանները:

Այստեղ նկատի են առնվում Խորհրդային միության ժամանակաշրջանի վարչական սահմանները, և ես կարծում եմ, որ մենք պետք է այս ելակետն ունենանք»:

Այս իրավիճակի հակառակ մեկնաբանությունը, Փաշինյանի կարծիքով, կնվազեցնի ՀԱՊԿ արդյունավետությունը:

«Հուսով եմ, որ այս հանդիպման և ձեր նիստի ընթացքում նշված նյուանսները նույնպես կքննարկվեն: Վերջերս Մոսկվայում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը, ես բարձրացրել եմ այս հարցը:

Մենք քննարկում ենք սկսել, և ցանկանում եմ ևս մեկ անգամ, որպես նախագահող, հանձնարարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ մեր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան կազմակերպել այս հարցը, քանի որ հիմա իրավիճակը մեր տարածաշրջանում, կարելի է ասել, կայուն լարված է: Բայց այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, պետք է նախազգուշացնող լինեն, և կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ ձևաչափում», – եզրափակել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հետ քննարկել է կազմակերպության օրակարգին և գործունեությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: