Երեկ երեկոյան Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում կրակոցներ են հնչել. 7 վիրավորներից 2-ը մահացել է:
Պաշտոնական վարկածներ
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը ժամը 19:45-ի սահմաններում։ Նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան, տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Քննչական կոմիտեն ավելի ուշ պարզաբանել է, թե՝ հունիսի 18-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարանի մոտակայքում ավտոմեքենայից ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի մեքենային, շրջանցել և կանգնեցրել է այն, այնուհետև մոտեցել վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարանի մի խումբ բնակիչներ:
Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարանի սկզբնամասում: Հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարանում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել նրան:
Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակել է իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ:
Հրազենային վնասվածքներով Ապարանի ԲԿ տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են։ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
«Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին` պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում», – ասված է ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունում:
Մահացածներից մեկը ՊՆ ծառայող էր
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով սերտորեն համագործակցում է Ոստիկանության հետ, հայտել է, որ միջադեպից հետո հիվանդանոց են տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հմայակ Միքայելյանը, 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 28-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։
Գիտակցության չգալով, Ապարանի ԲԿ-ում մահացել է Հմայական Միքայելյանը։
Մյուսները տեղափոխվել են Երևան, մի մասը՝ «Աստղիկ», մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։
Ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է նաև «Արմենիայից» «Աստղիկ» ԲԿ տեղափոխված Տիգրան Հարությունյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածներից մեկը՝ 27-ամյա Հմայակ Միքայելյանը, ծառայում էր ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում։
Ըստ ՔՊ-ի՝ ՔՊ-ականը կապ չունի
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, որի անունը որոշ լրատվամիջոցներում կապվում էր Նիգավանում տեղի ունեցած միջադեպի հետ, հերքել է իր կամ իր հարազատների մասնակցությունը դրան:
Հակառակ պնդումները, ըստ նրա, «բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ»: