Home / Ազգային ժողով / Փոխմարզպետի «հարց լուծող» զարմիկն է հրահրել Ապարանի արյունահեղությունը. հարազատներ

Փոխմարզպետի «հարց լուծող» զարմիկն է հրահրել Ապարանի արյունահեղությունը. հարազատներ

Նիգավանում կրակոցներից վիրավորված երիտասարդներից մեկը 8 օր անց էլ ծայրահեղ ծանր վիճակում է։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փոփոխություններ չկան․ Քննչական կոմիտեից Epress.am-ին ասացին, որ հունիսի 20-ից ի վեր նոր մեղադրանքներ չեն առաջադրվել, կրակոցներից հետո ձերբակալված 32-ամյա տղամարդը կալանավորվել է։

Սպանված երկու և վիրավորված մյուս քաղաքացիների հարազատները արդար քննություն են պահանջում՝ շեշտելով, որ կրակոցների հանգեցրած վիճաբանությանը մասնակցել են Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ազգականները։

Ոստիկանը, փոխմարզպետի հորեղբոր տղաներն ու դեպուտատի եղբայրը

Զոհվածների և վիրավորների հարազատները հունիսի 25-ին բողոքի ցույց էին անում Ապարանում։ Նրանցից շատերը մտավախություն ունեն, որ քրեական գործը կկոծկվի, և հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Կրակոցների հանգեցրած վիճաբանությունը, ըստ զոհվածների հարազատների, քաղաքական ենթատեքստ չի ունեցել, բայց դրան մասնակցել են թե՛ փոխմարզպետ Փարվանյանի և թե՛ պատգամավոր Ասատրյանի բարեկամները։

Կրակոցներից սպանված 27-ամյա Հմայակ Միքայելյանի եղբայրը՝ Հայկ Միքայելյանը, մասնավորապես փոխմարզպետի հորեղբոր տղու՝ Ռոման Փարվանյանի անունն է նշել։ 

Քննչական կոմիտեից հայտնել էին, թե վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ «Երևանի 32-ամյա բնակիչը․․․ ավտոմեքենայից ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի մեքենային»։ Հայկ Միքայելյանի խոսքով՝ իրավապահների հիշատակած «Ինֆինիտին» պատկանում է Ապարանի ոստիկանության ծառայողին։

«Գրվում է ՝ «Ինֆինիտի», բայց չի գրվում՝ ում «Ինֆինիտին» է։ ․․․«Ինֆինիտիի» վարորդը եղել է մեր ոստիկանության աշխատող Կարպոն: 

Ես շատ մարդկանց եմ հանդիպել, ինչ որ լսել եմ՝ հերիք է, պարզ է՝ ինչ է կատարվել: Վեճը սկսվել է մի հատ սիգնալից, երեք հոգին, որ Երևանից են, սիգնալ են տվել Կարպոյին, սկսել են իրար չհասկանալ․ հենց «Ինֆինիտիի» վարորդի՝ ոստիկանության աշխատողի հետ է եղել վեճը ամենասկզբից: ․․․Ապարան-Քուչակ հատված են դուրս եկել, նորից քաշքշել են, գոռգոռացել և այլն։ Այդտեղ կրակել են՝ Երևանից եկողներից մեկը երկու անգամ։ Օդ են կրակել: Այդտեղ սահմանափակվել են: 

Հաջորդ օրը չերեզ Ռոման սաղ կապի են եղել։ Ռոմանը փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան է․ եկել են Ռոմանի մոտ՝ յանի ինքը հարց լուծող է: Ինքը սկսել է կապվել դեպքի մասնակիցների հետ, ով որ եղել է նախորդ օրը՝ գիշերը: Ռոմանն է զանգել այդ մարդկանց, կանչել Նիգավանի զիբիլանոց: Ռոմանը ներկայացրել է, թե Ապարանում մենք ենք հարց լուծում և այլն: Կալոնկում կանչել է, առաջինը ծեծել են Ռաֆոյին: ․․․Ռաֆոն տաքսի է քշում հրապարակի վրա, ձենների վրա է գնացել․․․

Կալոնկում հայհոյել են, թե՝ ով կարա մեզ Ապարանից լարի: Նման խոսակցություններ են եղել: Ռոմանին ոչ մեկը չի ճանաչում Ապարանում որպես հարց լուծող: Իրա հարց լուծելը այ սենց բաների է տանում․ հավաքի մի քանի մարդու, իրանց հրահրի, որ կռիվ սկսեն ու ինքը այդտեղից անհետանա: Եթե մարդ կա Ապարանում, որ կարա ասի՝ դա այդպես չի, ես իր աչքերի մեջ երկար կնայեմ: 

Ռոմանը ձերբակալված չի, այսքան մարդ հենց դրա համար է հավաքվել, որ ինքը ձերբակալված չի», – ասել է Միքայելյանը։ 


Հայկ Միքայելյան

«Իմ խնդրանքը կլինի Քննչական կոմիտեի նախագահին, լրիվ ուժային կառույցների ղեկավարներին, ղեկավարությանը, ինչի չէ՝ մեր վարչապետին՝ թող ուշադիր լինեն», – հավելել է նրա հորեղբայր Աբրահամ Միքայելյանը:

Սպանվածների և վիրավորների հարազատները Փարվնյանների հետ հետագա համակեցությունը չեն պատկերացնում․ ասում են՝ նրանք պետք է հեռանան Ապարանից։

Հիվանդանոցում մահացած 28-ամյա Տիգրան Հարությունյանի հայրը՝ Գևորգ Հարությունյանն էլ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անունն է նշում։ Ասում է՝ վիճաբանությանը նաև նրա եղբայրն է մասնակցել։


Գևորգ Հարությունյան

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ կրակոցները որսորդական հրացանից են արվել։ Սպանվածների հարազատները սա անհեթեթություն են համարում։

«Նիգավան գյուղում մի պահ խոսեցին, ասեցին՝ կրակահերթով է եղել կրակոցը, մի կրակոց չի եղել, երկուս չի եղել: Պարկուճները կարան մեկ-երկուսը թողեն, մնացածը չնկարեն, հավաքեն: 7 հոգին հո մի կրակոցով չե՞ն կարա խփեն: Որսորդական հրազենով 8 հոգու չեն կարա միանգամից խփեն, անհնար է», – ասել է Հմայակ Միքայելյանի հորեղբայրը:

Իշխանականները հերքում են

Իշխանական պաշտոնյաներն ու պատգամավորները արդեն քանի օր է՝ հերքում են իրենց թիմակիցների առնչությունը Նիգավանի արյունալի դեպքերին։

Փոխմարզպետի հարազատներից Ժորա Փարվանյանը ժխտում է սպանվածների հարազատների մեղադրանքները, թե իր տղան է միջադեպը հրահրել։ 


Էդգար Փարվանյան

Ինքը՝ Էդգար Փարվանյանն էլ ակնարկում է՝ «սգի մեջ գտնվող հարազատներին ինչ-որ մարդիկ են ուղղորդում իրենց դեմ»։ Թե կոնկրետ ովքե՞ր են ուղղորդում՝ պաշտոնյան չի հստակեցնում:

Նիգավանում տեղի ունեցած կրակոցներից հետո հիվանդանոց էին տեղափոխվել 27-ամյա Հմայակ Միքայելյանը, 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 28-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։ Հմայակ Միքայելյանը մահացել էր Ապարանի ԲԿ-ում, Տիգրան Հարությունյանը՝ Երևանի «Աստղիկ» հիվանդանոցում։

Քննչական կոմիտեից հաղորդել էին, որ դեպքի առթիվ հարուցված գործով ձերբակալվել է 32-ամյա տղամարդը։ Խոսքը, հավանաբար, Սասուն Հայրապետյանի մասին է։

Միջադեպից հետո Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը պաշտոնանկ էր արվել։

Միջադեպ հիվանդանոցում․ «նման քրեական գործ չկա»

Ոստիկանության հետ փոխկապակցված shamshyan.com-ն ավելի վաղ գրել էր, որ հունիսի 19-ին՝ կրակոցների օրը, երբ վիրավորներն արդեն տեղափոխվել էին «Ապարան» բժշկական կենտրոն, հիվանդանոց էին եկել մեծ թվով քաղաքացիներ, ենթադրաբար՝ վիրավորների հարազատները։ ԲԿ-ում վիճաբանություն է եղել․ քաղաքացիները վնասել են հիվանդանոցի գույքը, կոտրել  նախասրահի մուտքի դուռը, ապակիները և այլն։ Հիվանդանոց են ժամանել մեծաթիվ ոստիկանական ուժեր, այդ թվում՝ «սև բերետավորներ»։

Գագիկ Շամշյանի հավաստիացմամբ՝ գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվել, միջոցներ են ձեռնարկվել՝ վերոհիշյալ անձանց «ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու» ուղղությամբ:

Քննչական կոմիտեից Epress.am-ի հետ զրույցում ասացին, որ նման որևէ քրեական գործ չկա։