Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: Ընդգծելով, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր:
Սերգեյ Նարիշկինը նշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Հիշեցնենք՝ անցած ուրբաթ, հուլիսի 15-ին, Հայաստանում էր ժամանել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Նույն օրը նա հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Պաշտոնական հաղորդագրություններից շատ բան պարզ չէ։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի տեղեկություններով, այս օրերին Երևան են ժամանել նաև ռուս և ամերիկացի փորձագետներ․ նա ենթադրել է, որ Հայաստանը որպես ռուս-ամերիկյան (գաղտնի) բանակցությունների վայր կարող էր ընտրվել։