Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկի» կարուսելներից մեկի նստարանը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ 6 մետր բարձրությունից, պոկվել և ընկել է Մոլդովայի 28-ամյա քաղաքացու գլխին։
«Լունապարկի» աշխատակիցներն «Ազատությանն» ասել են, որ դեպքի պահին քաղաքացին կարուսելում է եղել։ Վթարվել է «Բիո Ռոբոտ» ատրակցիոնը։
Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի փոխանցմամբ՝ նրա վիճակն այս պահին կայուն ծանր է։ Գլխուղեղային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված մոլդովացուն երեկ վիրահատել են։ Ըստ բժիշկների, վիճակը ծանր է եղել, այս պահին նա միացված է արհեստական շնչառության սարքին։
Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանն նույն ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ, ըստ նախնական վարկածի, ատրակցիոնից ինչ-որ դետալ է կոտրվել։ Հանձաժողով է ստեղծվել՝ փորձաքննություն իրականցանելու համար։ Պաշտոնյայի խոսքով՝ մանրամասները պարզ կլինեն 4-օրյա ուսումնասիրություններից, ստուգումներից հետո։
Կարուսելը, ըստ Ասլանյանի, տեխնիկական անվտանգության փորձաքննության է ենթարկվել այս տարվա հունիսին, այսինքն՝ մոտ կես տարի առաջ՝ մասնավոր ընկերության կողմից։ Ստացել է դրական եզրակացություն։ Փորձաքննություն իրականացնող մասնավոր ընկերությունները, ըստ նրա, հավատարմագրվում են Էկոնոմիկայի նախարարության հավատարմագրման ազգային մարմնի կողմից։