Կանադան հյուպատոսություն կբացի Երևանում, հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին։
«Սա կենսական առաջընթաց է Հայաստանում դեսպանություն բացելու ճանապարհին և առանցքային քայլ՝ ամրապնդելու մեր ժողովուրդների միջև կապերը, որոնք մեր բարեկամության հիմքն են», – իր թվիթերյան էջում գրել է Ջոլին։
Հյուպատոսարանը գլխավորելու է Վարդգես Ավագյանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերը Երևանում, որտեղ տարբեր միջոցառումներով նշվում է Կանադայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Նոր հյուպատոսությունը հանրության համար բաց կլինի 2022 թվականի դեկտեմբերի 15-ից: Այն կառաջարկի հիմնական հյուպատոսական ծառայություններ Հայաստանում ապրող, սովորող, աշխատող և ճանապարհորդող կանադացիներին, ներառյալ շտապ հյուպատոսական օգնությունն ու անձնագրային և քաղաքացիական ծառայությունները:
Հիշեցնենք՝ Կանադան դեռևս հունիսի վերջին էր հայտարարել Հայաստանում դեսպանատուն բացելու իր ցանկության մասին։ Արտգործնախարար Մելանի Ջոլին ընդգծել էր, որ սա կուժեղացնի «Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում» և «կօգնի դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին»։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը «տարակուսելի» էր որակել Կանադայի դեսպանատան բացման և պաշտոնական Օտտավայի հաղորդագրության կոնտեքստը։ «Կանադայի ԱԳՆ-ն այս քայլը, ըստ ԶԼՄ-ների, անկեղծորեն ներկայացրել է այդ թվում «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։ Զարմացնում է նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը պետության նկատմամբ, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։ Ակամայից մտածում ես, թե նման ուղղվածությունն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա», – հայտարարել էր ՌԴ դեսպանատունը: