Կաթոլիկ 4 եկեղեցիներ վերջին օրերին հրդեհվել են Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում, որտեղ ապրում են երկրի բնիկ ժողովուրդները։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նույն այդ տարածքներում հայտնաբերվել է 966 անանուն մանկական գերեզման։
Ոստիկանությունում դեռևս շարունակվում է հրդեհների հետ կապված քրգործերի քննությունը։ Մեղադրանք ոչ ոքի չի առաջադրվել։ Չկան նաև ձերբակալվածներ։ Եկեղեցիների հրդեհման և վերջերս հայտնաբերված գերեզմանների միջև կապը իրավապահները դեռ չեն հաստատում։ Մամուլում այն, ամեն դեպքում, մատնանշվում է բավականին միանշանակորեն։
Խմբակային գերեզմանները հայտնաբերվել են կաթոլիկ եկեղեցիներին կցված ինտերնատների տարածքում, ուր Կանադայի իշխանությունները ստիպողաբար տանում էին բնիկ ժողովուրդների երեխաներին՝ նրանց իրենց ընտանիքներից կտրելուց հետո։
Այս ինտերնատները մաս էին կազմում 19-20-րդ դարերում բնիկ ժողովուրդներին նորաբնակ սպիտակների հետ ասիմիլյացիայի (ձուլման) ենթարկելու ծրագրին։ Չնայած ծրագիրը պետական էր, դրա շրջանակներում գործող ինտերնատների կառավարմամբ զբաղվում էին կրոնական կազմակերպությունները, հատկապես՝ տեղի կաթոլիկ եկեղեցին։ Դեռևս հաստատված չէ՝ գտնված բոլոր գերեզմաններն են մանկական, թե միայն որոշները։
Ասիմիլյացիայի այս ծրագիրը Կանադայում գործել է 1863-1998։ Այդ ամբողջ ընթացքում Կանադայի իշխանությունները իրենց ընտանիքներից կտրել և շուրջ 130 ինտերնատներում են տեղավորել ավելի քան 150 000 երեխայի։ Այնտեղ երեխաներին արգելում էին խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել բնիկ ժողովուրդների ավանդույթներն ու սովորույթները։
Այս կառույցներում երեխաները հիմնականում մահանում էին կյանքի վատ պայմանների պատճառով․ պատերը հին էին, սենյակները վատ էին ջեռուցվում, սանիտարական նորմերը չէին պահպանվում։ Երեխաների նկատմամբ գործադրվում էր ֆիզիկական և սեռական բռնություն։
Տարբեր տվյալներով՝ այս հաստատություններում մահացել է 3200-6000 երեխա։ Մի մասը դիմել է փախուստի։
Ծրագրի ավարտից 10 տարի անց միայն՝ 2008 թվականին,Կանադայի իշխանությունների կողմից ստեղծված կոմիտեն բռնի ասիմիլյացիայի այս ծրագիրը մշակութային ցեղասպանություն է անվանել՝ արձանագրելով, որ առևանգված և ինտերնատ տեղափոխված այս երեխաների մեծ մասը չեն վերադարձել իրենց համայնքներ։ Նույն թվականին պաշտոնական Օտտավան ներողություն է խնդրել երկրի բնիկ ժողովուրդներից։
Ամենամեծ թվով գերեզմանները հայտնաբերվել են Մարիվալ գյուղաքաղաքում՝ Կանադայի Սասկաչեվան նահանգում։ Սասկաչեվանի հարավ-արևելքում գտնվող բնիկ ժողովուրդների ֆեդերացիայի նախագահ Բոբբի Քեմերոնը այս ինտերնատները «համակենտրոնացման ճամբարներ» է անվանել ու հայտարարել․
«Նրանք անկասկած փորձել քողարկել այս կառույցներում սպանված և վատ վերաբերմունքի արժանացած երեխաների թիվը։ Կանադան պատմության մեջ կմտնի որպես մի երկիր, որը փորձել բնաջնջել իր բնիկ ժողովրդին»։
Քեմերոնը հավելել է, որ «սա դեռ սկիզբն է», քանի որ գերեզմանների որոնումները շարունակվում են։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ մինչև 1960֊ականները գերեզմանների վրա եղել են նշումներ, սակայն հետո կառույցների վարչական մարմինները որոշել են կոծկել երեխաների մահվան հետքերը։