Դանիայի և Կանադայի միջև 1971թ․֊ից սկսած անմարդաբնակ Հանս կղզու շուրջ տարածքային վեճը լուծվել է։ ԵՄ-ն և Կանադան այժմ կունենան ընդհանուր ցամաքային սահման:
Հանս կղզին գտնվում է Կանադայի և Դանիայի տարածքային ջրերում՝ Քեննեդի նեղուցի մեջտեղում։
1984թ․֊ին Կանադան սադրեց Դանիային՝ կղզու վրա տեղադրելով իր դրոշը և թողնելով կանադական վիսկիի մի շիշ։ Դանիայի Գրենլանդիայի հարցերով նախարարը նույն տարի այցելեց կղզի՝ Դանիայի դրոշով, աքվավիթի շշով (սկանդինավյան խմիչք) և «Բարի գալուստ Դանիայի կղզի» գրությամբ: Երկու երկրները հերթով սկսեցին իրենց դրոշները տեղադրել կղզու վրա և ալկոհոլային խմիչքներ փոխանակել։ Եվ այսպես սկսվեց «Վիսկիի պատերազմը»:
Այժմ երկու երկրները համաձայնվել են կիսել ֆորպոստը մոտավորապես երկու մասի՝ արդյունքում ստեղծելով աշխարհի ամենաերկար ծովային սահմանը՝ 3882կմ։
«Մենք նախադեպ ենք ստեղծում։ Մենք ցույց ենք տալիս այլ երկրներին, թե ինչպես կարող են լուծվել տարածքային վեճերը», – Օտտավայում համաձայնգրի ստորագրման արարողությունից հետո ասել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին:
«Կարծում եմ այն բոլոր պատերազմներից ամենաընկերականն էր», – ասել է Ջոլին, կատակելով, որ հույս ունի՝ Կանադան այժմ կկարողանա մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին Եվրոպայի հետ իր ցամաքային սահմանի շնորհիվ:
Ջոլին ու Դանիայի արտգործնախարար Յեպե Կոֆոդին արարողության ժամանակ, ձևավորված ավանդույթի համաձայն, լիկյորի շշեր փոխանակեցին: