Home / Բանակ / Հետախույզ լինելու համար պարտադիր չէ լինել զինվորական. նախագիծ

Հետախույզ լինելու համար պարտադիր չէ լինել զինվորական. նախագիծ

Հայաստանում նախատեսում են վարչապետին ենթակա առանձին արտաքին հետախուզական ծառայություն ստեղծել․ նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։

Զեկուցող՝ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ընգծել է՝ այժմ համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ կան և՛ ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ), և՛ պաշտպանության նախարարությունում (ՊՆ)։ Այս ստորաբաժանումներում ծառայությունը համարվում է զինվորական ծառայություն։

«Առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն», – ընգծել է փոխնախարար Մինասյանը։

Ըստ պաշտոնյայի՝ սա հնարավորություն կընձեռնվի հետախուզական նորաստեղծ մարմինը «համալրել նաև այլ գերատեսչությունում աշխատող հանրային ծառայողներով, որոնք իրենց փորձով, գիտելիքներով և արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզական ծառայության կառուցմանը»։ Կընդլայնվի նաև «արտաքին հետախուզության» գործունեության շրջանակը։

Գործառույթների կրկնությունը բացառելու նպատակով անցումային դրույթները կսահմանեն ԱԱԾ գործող ստորաբաժանման լուծարման կարգը։

Նախագիծը արժանացել է Կառավարության հավանությանը, առաջիկայում այն պետք է քննարկվի Ազգային ժողովում։