Գյումրիում կալանավորել են ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանին։ Քաղաքական գործիչը մեղադրվում է խմբակային ավազակության և կողոպուտի մեջ։ Տեղացիները պատմում են, որ Մաթևոսյանը՝ երեք ընկերների հետ միասին, թալանել է ռուսաստանցի երկու կանանց։
Ոստիկանությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ փետրվարի 3-ին՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում, Գյումրիի ռեստորանային համալիրներից մեկի մոտ մի քանի տղամարդիկ «խուզարկել», ապա «խլել են» Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հեռախոսն ու դրամապանակը՝ 910 եվրոյով, նաև այդ քաղաքացու ընկերուհու ՌԴ անձնագիրն ու հեռախոսը։ Տուժածները տեղի ունեցածի մասին հայտնել են մոտակայքում գտնվող պարեկներին, որոնք ավելի ուշ 4 տղամարդու են ձերբակալել։
Ոստիկանությունը անուններ չէր նշել, ՔՊ-ից հաստատում էին՝ ձերբակալվածներից մեկը Գյումրու ավագանու իրենց խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։ Քննչականից տեղեկացրել են, որ փետրվարի 5-ին բոլոր ձերբակալվածները կալանավորվել են՝ նախնական 2 ամիս ժամկետով։
Աղասի Մաթևոսյանը մանդատը մոտ մեկ տարի առաջ է ստացել՝ փոխարինել է ինքնաբացարկ ներկայացրած ավանագու անդամին։ Պաշտոնաթող փոխվարչապետ (2021-2022), Արմավիրի նախկին մարզպետ (2018-2022) Համբարձում Մաթևոսյանի բարեկամներից է, հայրն էլ տնօրինում է համայնքապետարանի ենթակայոթյամբ գործող ավտոպարկը։
Դեպքի մասին շատ բան հայտնի չէ։ Խոսակցություններ են շրջանառվում, որ ավագանու անդամն ու նրա 3 ընկերները գիշերը «Նիվայով» մոտեցել են ռուսաստանցի երկու կանանց, հափշտակել են նրանց դրամապանակը, հեռախոսները, անձնագիրը։ Կանայք դիմել են պարեկներին, քիչ անց ոստիկանները կանգնեցրել են հիշյալ «Նիվան»․ գողոնը տղամարդկանց մոտ է եղել։ 4-ն էլ անմիջապես տարվել են Ախուրյանի ոստիկանական բաժին։
Մաթևոսյանը՝ ներքևի ձախ անկյունում