Home / Ոստիկանություն / Երևանում Hummer-ը վրաերթի է ենթարկել ոստիկանին,11 ավտո է ջարդել և դիմել փախուստի

Երևանում Hummer-ը վրաերթի է ենթարկել ոստիկանին,11 ավտո է ջարդել և դիմել փախուստի

Համացանցում քիչ առաջ տեսանյութեր էին հրապարկվում, որոնցում երևում էր՝ ինչպես է Hummer մեքենան երթևեկում Հանրապետության հրապարակի մայթերով, ջարդում պարեկների մեքենաները և վրաերթի ենթարկում ոստիկաններից մեկին։

Քիչ առաջ իրավապահները հաստատել են՝ Hummer-ի վարորդը դիմել է փախուստի։ Նրա ինքնությունը պարզվել է։

Ոստիկանության հետ փոխկապակցված shamshyan.com-ը դեպքից որոշ մանրամասներ է հայտնել։

Պարեկները, ըստ այս աղբյուրի, մի քանի ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են Hummer-ին, որը երթևեկել է մայթերով, մայթով մտել է կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ

վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանին։

Այնուհետև մի քանի ավտոմեքենաներ ջարդելով՝ դիմել է փախուստի։ Պարեկներին Ագաթանգեղոսի փողոցում օղակ են արել և շրջափակել մեքենան։

Hummer-ը ջարդել է ոստիկանական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 8 ավտոմեքենաներ։ Արամի փողոցում հայտնաբերվել է նաև կրակված պարկուճ։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ ճշտել է վարորդի ինքնությունը.

«Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ», – ասված է իրավապահների տարածած հաղորդագրությունում։