Ադրբեջանական Սաաթլը մարզի Նաբաթքենդ և Օրթա Մուղան գյուղերի բնակիչները մարտի 13-ին բողոքի ակցիա են իրականացրել՝ ջրի հաճախակի և երկարատև անջատումների դեմ։
Ցուցարարները փորձել են փակել Բաքու տանող գլխավոր ճանապարհը, սակայն ոստիկանությունը ցրել է ակցիան, ըստ տեղի բնակիչների, օգտագործելով ռետինե փամփուշներ։ Կրակոցներ լսվում են նաև սոցցանցերում տարածված տեսանյութերում։
Ցուցարարների մեջ կան վիրավորներ, 2 մարդ հոսպիտալացված է, ևս 10 հոգու ձերբակալել են՝ գրում է Turan լրատվամիջոցը։
«Ցույցի էր դուրս եկել շուրջ 200 մարդ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է գործածել։ Երկու մարդ, այդ թվում 15-ամյա մի տղա, ծանր վիրավորումներ են ստացել․ նրանք չորս ռետինե փամփուշտ են կրակել երեխայի վրա», – AbzasMedia լրատվամիջոցին ասել է բնակիչներից մեկը։
❗️Saatlıda etirazçılarla polis arasında baş verən qarşıdurma.
⚡️Polis odlu silahdan istifadə edilmədiyini deyir. Lakin xüsusi vasitələrin tətbiq edildiyi açıqlanıb. pic.twitter.com/eQqO35O16a— Mikroskop Media (@MikroskopMedia) March 13, 2023
Տեղի բնակիչների խոսքերով՝ նրանք խնդիր ունեն ոչ միայն խմելու, այլև ոռոգման ջրի հետ, ինչի կապակցությամբ շատ անգամներ բողոք են ներկայացրել համապատասխան պետական կառույցներին, սակայն միևնույն է ոչինչ չի արվել։
«Մենք ծեծել ենք բոլոր դռները։ Ոչ ոք չկա, որ ինչ-որ բան ձեռնարկի։ Ի՞նչ անենք։ Մենք ջուրը առնում ենք․․․ գիտե՞ք, թե ինչ է դա նշանակում այնտեղ, որտեղ գործազրկություն է տիրում և դժվար է գոյատևման միջոցներ գտնել։ Գնված ջուրը 10 օրվա է հերիքում՝ այն էլ եթե տնտեսես։ Դա 20 մանաթ արժի (մոտ 4550 դրամ)․ խմելու ջրի վրա մենք ամսեկան 60 մանաթ ենք ծախսում (ավելի քան 13000 դրամ)», – Meydan TV-ի հետ զրույցում ասել է գյուղի բնակիչներից մեկը։
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մարտի 13-ի բողոքի ակցիայի մասին հայտարարություն է տարածել, որում, ի թիվս այլի պնդել է, որ ուժայինները ցուցարարների դեմ զենք չեն կիրառել, և ոստիկանության բոլոր գործողությունները եղել են օրենքին համապատասխան։
Ըստ գերատեսչության՝ բնակիչների հետ «բացատրողական զրույցներ» են տարվել, որից հետո մեծամասնությունը հեռացել է, իսկ մի խումբ մարդիկ, որոնք շարունակել են «խախտել հասարակական կարգը»՝ ձերբակալվել են։ Նրանց գործողությունների վերաբերյալ այժմ հետաքննություն է սկսվել՝ նշվում է Ադրբեջանի ՆԳՆ հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ, Turan լրատվամիջոցը գրում է, որ տվյալ միջադեպի հետ կապված որևէ մարդու Սաաթլըի ոստիկանության բաժին չեն տարել։