Home / Դատարան / Ալեքսանյանի (Լֆիկ) ընկերությունը միլիարդից ավել հարկ է թաքցրել

Ալեքսանյանի (Լֆիկ) ընկերությունը միլիարդից ավել հարկ է թաքցրել

Շուրջ 1 միլիարդ 144 միլիոն դրամի հարկեր չվճարելու համար մեղադրանքներ են ներկայացվել նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ) պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերության տնօրենին, աշխատակիցներին և նրանց օժանդակած այլ ընկերության սեփականատիրոջը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Տրիկոտաժե արտադրատեսակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող «Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության ապրանքների ծավալները, վաճառքից առաջացած եկամուտները թաքցնելու նպատակով ընկերության տնօրեն Մ. Մ.-ն և ՍՊԸ-ի արտադրամասի պետ Ա. Հ.-ն ներգրավել են ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի սեփականատեր Վ. Ս.-ին։ 

Վերջինս վճարի դիմաց «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է էլեկտրոնային սերվերային համակարգին, իսկ սերվերային համակարգը, «Ալեքս Տեքստիլի» և այլ կազմակերպությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները՝ թաքցրել իր հաշվառման հասցեի նկուղում։

Մ.Մ.-ի և Ա.Հ.-ի հանձնարարությամբ Վ.Ս.-ն ներդրված ծրագրից օգտվելու հասանելիություն է տրամադրել «Ալեքս Տեքստիլի» մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ գլխավոր հաշվապահ Ռ.Ս.-ին և արտադրամասի պետ Ա.Հ.-ին։ Վերջիններս ընկերության իրականացրած տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկությունները մուտքագրել են առևտրային ծրագիր և իրական շրջանառության վերաբերյալ տվյալները կուտակել հիշյալ տան նկուղային հարկում թաքցված սերվերային համակարգում:

Նույն սերվերային համակարգում հայտնաբերվել են նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տեղեկությունները՝ ընդգծում է ՔԿ-ն։

Այդ կերպ «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ տնօրենը, վերոնշյալ մարդկանց օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ չվճարելու նպատակով, որը տույժերով հանդերձ կազմել է 1.144.765.709 դրամ, 2019թ. սեպտեմբեր ամսից 2023թ. փետրվար ամիսը ներառյալ թաքցրել է «Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության հարկվող գործարքների մի մասը և հարկման օբյեկտը։ 

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընկերության տնօրեն Մ.Մ.-ի, գլխավոր հաշվապահ Ռ. Ս.-ի, արտադրամասի պետ Ա. Հ.-ի, ինչպես նաև ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերության սեփականատեր Վ. Ս.-ի նկատմամբ։ Վերջիններս իրենց մեղավոր են ճանաչել, և պատճառված վնասը վերականգնելու նպատակով լրացուցիչ հաշվարկված 1.144.765.709 ՀՀ դրամ հարկային պարտավորությունների գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 1-ին, լուրեր էին հայտնվել, որ պետական եկամուտների ու քննչական կոմիտեի քննիչները «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում իրականացնում են խուզարկություններ, որոնք, ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի խոսքերով, տեղի են ունենում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։