Հայաստանում հայտնված ադրբեջանցի երկրորդ զինծառայողին բռնել են և ծեծել մինչև իրավապահների ժամանելը։ Դրա մասին է վկայում համացանցում տարածվող տեսանյութը։ Գոռ Օհանջանյան ներկայացած տղամարդը news.am-ի հետ զրույցում ասել է, որ բռնողներից և ծեծողներից մեկն է։ Ավելի վաղ հայաստանյան պաշտոնյաները, այդ թվում վարչապետը, հայտարարել էին, որ ըստ ապրիլի 10-ին ձերբակալված առաջին զինվորի ցուցմունքի՝ ադրբեջանցիները Հայաստանում են հայտնվել՝ փախնելով համածառայակիցների նվաստացումներից։
Ապրիլի 13-ին Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը՝ հաղորդել է Հայաստանի ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Նրան տարել են Կապանի ոստիկանական բաժին։
Համացանցի հայալեզու տիրույթում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են ոտքով հարվածում գետնին ընկած ադրբեջանցի զինվորի արյունոտված դեմքին։
Որոշ լրատվամիջոցներ, օրինակ՝ news.am-ը, ադրբեջանցի ժամկետայինին կապում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության հետ։
Ադրբեջանցուն բռնող և ծեծող ներկայացած տղամարդը այդ լրատվամիջոցի հետ զրույցում պնդել է, որ զինվորի ձեռքին հեռախոս կար և «դա այն հեռախոսն էր, որին սպանված էին գտել կոմբինատում»։ Սյունիքի Աղվանի գյուղի բնակիչ Արա Սուքիասյանն, որը ադրբեջանցուն բռնողներից մեկն է, ավելի ուշ «Ազատությանն» ասել է, որ «նրա մոտ գտել ենք փամփուշտ, ատվյոռկա, բլոկնոտ, զենք չի եղել, հեռախոս ես չեմ տեսել»։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտարարել է, որ «այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք»։
Ըստ ՔԿ հաղորդագրության, ապրիլի 12-ի երեկոյան Կապանի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի կոմբինատի պահակակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին միջանցիկ և գլխի քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով: Դեպքի վայրից վերցվել է երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, և քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:
«ԶՊՄԿ-ից հաստատեցին, որ սպանվածը ԶՊՄԿ աշխատակից, Սյունիքի բնակիչ 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է։ Նախնական վարկածով՝ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա», – այսօր առավոտյան գրել էր Sputnik Արմենիան։
Ադրբեջանցի երկու ժամկետայինները, ըստ հայկական կողմի նախնական վարկածի, Նախիջևանի դիրքերից փախել են համածառայակիցների կողմից նվաստացումների ենթարկվելու պատճառով։ Ապրիլի 10-ին նրանցից մեկին ձերբակալել են Սիսիանի Աշոտավան համայնքում՝ Նախիջևանի հետ սահմանից մոտ 20կմ հեռավորության վրա։ Մյուսին առ այսօր փնտրում էին։
տե՛ս Հայաստանը չի կարող ադրբեջանցի զինվորներին զոռով հետ ուղարկել