Վայոց Ձորի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործող պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնականի կողմից ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը, որը 4 տարի կոմայի մեջ էր, հուլիսի 27-ին մահացել է։
Մահվանից հետո քրեական գործ է հարուցվել բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։
Քննչական կոմիտեից մանրամասնում են՝ փորձելու են պարզել, փոխգնդապետի մահը բժշկական սխալի՞, թե՞ այնուամենայնիվ մարզպետարանի նախկին աշխատակցի «բռունցքի հարվածի» հետևանք է։
2019-ից ի վեր գյումրեցի զինվորականը վերակենդանացման բաժանմունքում էր՝ անգիտակից, միացված արհեստական շնչառության սարքին։ Նրան ծեծած պաշտոնյան մի տարի հետո ազատ կարձակվի։
օգնականը բանտում է, նախկին մարզպետը՝ խորհրդարանում
2020-ին՝ նախքան 44-օրյա պատերազմը, Արա Մխիթարյանի հարազատները պարբերաբար բողոքի ցույցեր էին անում Երևանում։ Ծնողները պնդում էին, որ վիճաբանությանը մասնակցել է ոչ միայն օգնականը, այլև նախկին մարզպետը։
«․․․Վարչապետը խոսք էր տալիս՝ որպես մեծ եղբայր քեզ խոստանում եմ, որ արդար քննություն կլինի: Արդար քննությունը ո՞րն է։ Այնտեղ մասնակից են եղել վեց-յոթ հոգի, ընդամենը երկուսին ձերբակալեցին, ընդ որում՝ մեկին էլ դուրս հանեցին: Մարզպետ Տրդատ Սարգսյանին էլ միջից հանեցին լրիվ, իբր ինքը էդտեղ չի եղել», – ասում էր մահացած փոխգնդապետի մայրը՝ Սոֆիկ Մխիթարյանը:
Իրավապահները հայտարարել էին, թե 2019-ի սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում սպաների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ վիճաբանություն է եղել, 28-ամյա երիտասարդը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։ Նրան զինվորական հոսպիտալ են տեղափոխվել «փակ գանգուղեղային վնասվածքով, ուղեղի աջ կիսագնդի դիսլոկացիայով, անգիտակից վիճակում»։
«Ո՞նց կարա բռունցքի մի հարվածով 120 կգ տղուն վար գցեն, ու գանգը փշրվի», Փո- բողոքի ցույցերի ժամանակ հարցնում էր փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը։
Ի սկզբանե գործով երկու մեղադրյալ կար՝ մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը ու նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Վերջինս նախ գրավի դիմաց ազատ էր արձակվել, ավելի ուշ՝ վերջնականպես արդարացվել։
Միջադեպից անմիջապես հետո մարզպետը հրաժարական էր տվել։ Քննիչները հայտարարել էին, թե վիճաբանությանը նա ներկա չի եղել։ «Ես եղել եմ տանը, մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը 10-ի կողմերը և բարձրանում տուն», – ասել էր Տրդատ Սարգսյանը:
Նրա նախկին օգնականը 2022-ի հունվարին դատապարվել էր 5 տարվա ազատազրկման՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Դատարանում նա ընդունել էր, որ հարվածել է փոխգնդապետին։ Արդարացել էր՝ կռիվ է եղել, փոխգնդապետն ու ընկերները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, վեճ են հրահրել։
ըստ փաստաբանի՝ հարբած զինվորականները հրահրել են, ըստ ծնողների՝ քննությունը կոծվել է
«Նայել է այդ զինվորականներին, նայելուց հետո Արա Մխիթարյանը և նրա ընկերները մոտեցել են՝ ինչի ես նայում և այլն, սկսել են քաշքշել Հարություն Գրիգորյանին: Գրիգորյանը փախել է, մտել է իրենց մուտք, բարձրացել է մինչև իրենց հարկ, զինվորականները նրան մինչև վերջ հետապնդել են: Հարույթյուն Գրիգորյանը մի կերպ կարողացել է համոզել, որ զինվորականներն իջնեն ներքև, ինքն էլ է իջել, այդտեղ նորից կռիվ է հրահրվել, Գրիգորյանի հարվածները տևել են մոտ 2-3 վայրկյան», – պատմել էր փաստաբան Լևոն Սահակյանը: Տեղի ունեցածը նա դժբախտ պատահար էր որակել։
Մահացած փոխգնդապետի ծնողները, մինչ այդ, բողոքում էին՝ պաշտպանական կողմը շահարկում է զինվորականների հարբած լինելը, քննիչները թաքցնում են վիճաբանությանը մասնակցած մյուս անձանց։ Ծեծկռտուքի ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել նաև Մխիթարյանին ուղեկցող երկու սպաները։ Ինչպե՞ս կարող էր մարզպետի օգնականը մենակով ծեծել մի քանի զինվորականների՝ հարցնում էին տուժողի հարազատները։
Դատարանում ցուցմունք տված զինվորականները, ըստ նրանց, նշել են, որ վեճին 6-7 հոգի է մասնակցել, դեպքի վայրում է եղել նաև Տրդատ Սարգսյանը, որը չի ծեծել, բայց կանգնել նայել է։ Նման ցուցմունք տված սպաներին այժմ մեղադրում են սուտ մատնության համար։
«Մինչ օրս բոլորի համար անորոշ է, թե ովքեր են այդ երևակայական անձինք, որոնք Հարություն Գրիգորյանի հետ համատեղ իբր թե հարվածներ են հասցրել պարոն Մխիթարյանին», – հակադարձում է մեղադրյալի փաստաբանը։
Արդյո՞ք փոխգնդապետի մահվանից հետո նախկին մարզպետի օգնականին առաջադրված մեղադրանքը կվերավորակավորվի՝ դատախազությունից չեն ասում։