Երևանի նոր ավագանու կազմով ընդդիմությունը քաղաքապետ ընտրելու որևէ շանս չունի։ Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ընդդիմադիր ուժերին առաջարկել է բոյկոտել գալիք նիստը՝ այնպես անել, որ քվորում չապահովվի և նոր ընտրություններ նշանակվեն։ Անդրանիկ Թևանյանի և Զարուհի Փոստանջյանի «Մայր Հայաստանը» համաձայնել է։ Դոգի «Հանրային ձայնը» դեռ լռում է։
Նախկին ոստիկանապետ, նախկին դատապարտյալ, հետախուզվող բլոգեր Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն» կուսակցության՝ ավագանի ընտրված անդամներից մեկը կալանավորված է (Արտակ Գալստայն), մյուսը՝ հետախուզման մեջ (Տիգրան)։ Ավագանու հոկտեմբերի 10-ի նիստին նրանք մասնակցել չեն կարողանա։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը, նույնիսկ եթե համախմբվի, քաղաքապետ ընտրելու համար բավարար ձայներ չի ունենա։
Մարությանի «Ազգային առաջընթացը» որոշել է նիստը բոյկոտել։ Որոշմանը միացել է նաև Անդրանիկ Թևանյանի և Զարուհի Փոստանջյանի «Մայր Հայաստան» դաշինքը։ Դոգի կուսակցությունը դիրքորոշում դեռևս չի հայտնել։
Հոկտեմբերի 10-ին Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստն է, հենց այդ օրը պետք է քաղաքապետ ընտրվի։ Քվորումի համար անհրաժեշտ է, որ նիստին ներկա լինեն ավագանու 65 անդամներից առնվազն 33-ը։
Եթե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները մասնակցեն նիստին, քվորումի համար կպակասի ընդամենը մեկ ձայն։ Եթե երեք ընդդիմադիր խմբակցությունների անդամներից գոնե մեկ հոգի մասնակցի այդ նիստին, իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանը կընտրվի Երևանի քաղաքապետ։
Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքները, հիշեցնենք, այսպիսին են․ նախկին փոխվարչապետ, գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին առաջադրած «Քաղաքացիական պայմանագիրը» 24 մանդատ է ստացել, նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը»՝ 14 մանդատ, 12 մանդատ ստացել է քոչարյանականների «Մայր Հայաստանը», 8 մանդատ՝ Արտակ Զեյնալյանին առաջադրած «Հանրապետությունը», 7-ն էլ բաժին է հասել Դոգի «Հանրային ձայնին»։
Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 28,46 տոկոսը՝ 234.553 մարդ։ Սա պատմական հակառեկորդ էր։
կոնտեքստը՝ Քաղաքական առևտրին կմասնակցի նաև Դոգը