Home / Հայաստան / Ղարաբաղում թաքնված հայերի են գտնում. գաղթի մանրամասները

Ղարաբաղում թաքնված հայերի են գտնում. գաղթի մանրամասները

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա՝ կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է»։

Պաշտոնական տվյալների համաձայն, ժամը 20։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 76 407մարդ՝ բռնի տեղահանվածներ։ Հակարիի կամուրջը հատել է 15 535 տրանսպորտային միջոց։

Ադրբեջանը պաշտոնական հայտարարությունների մակարդակում Ղարաբաղի հայերին առաջարկում է մնալ և ինտեգրվել։ Ղարաբաղից եկածները պատմում են՝ մնալու որևէ հնարավորություն այլևս չկա։ Արցախի նախագահը այսօր արդեն պաշտոնապես հայտարարել է՝ հունվարի մեկից Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Կացարաններից քչերն են օգտվում

Տեղահանվածների մեծ մասը հրաժարվել է պետության տրամադրած կեցավայրերից։ Քիչ առաջ թարմացվող տվյալներով՝ դրանցից ընդամենը 17 153 մարդ է օգտվել։ Անվճար կացարանները (հյուրանոցներ, հանրակացարաններ) Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզերում են։ Մարդկան մեծ մասը «ցանկացել է կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»։

ՏԿԵ նախարարությունից պարզաբանել են՝ նրանք, ովքեր հրաժարվել են, խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին և տեղավորվել անվճար կեցավայրերում։

Որևէ հստակություն՝ ինչ է լինելու այս մարդկանց հետ հետագայում, չկա։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից միանվագ 100 հազարական դրամ կտան:

Հայաստանի կառավարությունը 360 մլն դրամ է հատկացրել բռնի տեղահանվածներին աջակցելու համար։

Գերմանիայից տեղեկացրել են՝ Կարմիր խաչի միջոցով ուղարկվող մարդասիրական աջակցության ծավալը 2 միլիոն եվրոյից հասցնելու են 5 միլիոնի։ ԵՄ-ն օգնության ծավալը մեծացրել է 4,5 միլիոն եվրոյով (ավելի վաղ կես միլիոն էին հատկացրել)։ Շվեդիան խոստացել է Կարմիր խաչին 1,3 միլիոն դոլար փոխանցել։ ԱՄՆ-ն հայտարարել է 11.5 մլն դոլար աջակցության մասին։

Խցանումներ, դատարկված բնակավայրեր, սով

Գորիսի համակարգման կենտրոնում շարունակում են ընդունել տեղահանված արցախցիներին, տարածքում ամենուր ավելանում են վրանները: Ամեն տեղ հերթեր ու խցանումներ են։ Կան նաև սննդի կետեր։

Արդեն երկու օր է՝ Կոռնիձորում գրանցում չի արվում։ Հաշվառման կենտրոնը տեղափոխել են Վայք։ Գորիսում արդեն տեղ համարյա չկա։

Վայքի մշակույթի տունը այժմ ծառայում է որպես ընդունման կետ՝ հաշվառում են մարդկանց, գնահատում կարիքները, անվճար միկրո-ավտոբուսներով տեղափոխում նախընտրած բնակավայրեր։ Մարդկանց հոսքն այստեղ էլ չի դադարում։

Արցախի բնակչությանը տարհանում են անվճար ավտոբուսներով։ Ով մեքենա ունի՝ սեփական մեքենայով է գալիս։

Մարտակերտը, Մարտունին և Ասկերանը փաստացի արդեն դատարկվել-հանձնվել են, Ստեփանակերտում դեռ մարդիկ կան։ Չնայած ամեն օր հայտարարվում է, թե հումանիտար աջակցություն է մտել Արցախ, Ստեփանակերտում մարդիկ բառացիորեն սոված են սպասում, թե երբ վառելիք ու մեքենա կգտնվի, որպեսզի իրենք նույնպես Հայաստան հասնեն:

Եթե ճանապարհը այս ընթացքում չփակվի, հազիվ թե Ղարաբաղում հայեր մնան՝ պատմում են նրանք, ովքեր արդեն հատել են սահմանը․ «Գուցե մի քանի ընտանիք․․․»։

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին կիլոմետրանոց խցանումներ են՝ Արցախը լքելու համար մարդիկ մեկ օրից ավելի անցկացնում են ճանապարհներին։ Խցանումները ձգվում են մինչև ԼՂ մայրաքաղաք։ Ամենուրեք հերթեր են։

Մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողները, Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պայթյունից հետո հոսպիտալացված մարդիկ  տեղափոխվել են Հայաստանի բուժհաստատություններ։ Նրանցից 7-ի (6-ը պայթյունի հետևանքով տուժած, 1-ը՝ մարտերում վիրավորված) կյանքը փրկել չի հաջողվել։

Այս պահի դրությամբ Հայաստանի առողջապահական հաստատություններում բուժում է ստանում 342 բուժառու։

Լեռնային Ղարաբաղում, միևնույն ժամանակ, շարունակվում են զոհվածների և վիրավորների որոնողական աշխատանքները։ Դրանց ընթացքում երբեմն նաև ողջ մարդիկ են հայտնաբերվել՝ այս կամ այն գյուղում մնացած։

Սեպտեմբերի 19-20-ի մարտերում զոհվածների անունները առ այսօր չեն հրապարակվել։ Խոսքը հարյուրավոր մարդկանց մասին է։ Սեպտեմբերի 20-ի հրապարակած տվյալներով՝ ղարաբաղյան կողմը առնվազն 200 հաստատված զոհ, ավելի քան 400 վիրավոր։ Այս թվերը մինչ օրս չեն թարմացվել։ ԼՂ ԱԻՊԾ-ն պարբերաբար հայտարարում է նոր աճյունների տարհանման մասին։

Կամայական ձերբակալություններ․ ի՞նչ է լինելու միայնակների հետ

Սոցցանցերում մարդիկ ահազանգում են՝ միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող մարդկանց տարհանման հետ կապված խնդիրներ կան։ Ոչինչ նորմալ կազմակերպված չի, շատ հարցեր լուծվում են տեղում՝ ինքնակազմակերպման շնորհիվ, շատ հարցեր՝ մնում առկախված։

Կամաց-կամաց տեղափոխում են նաև փակ և կիսափակ հաստատություններում ապրողներին։ Գիշերը Հայաստան է տարհանվել Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ:

Հիմնական մտահոգությունները տղամարդկանց հետ են կապված՝ որևէ երաշխիք, որ անցակետում կամայական ձերբակալությունները չեն շարունակվի, մարդիկ չունեն։

Լաչինի միջանցքում՝ ադրբեջանական անցակետում, անձնագրեր չեն ստուգում, բայց և ստիպում են տղամարդկանց դուրս գալ մեքենաներից, կամուրջը ոտքով անցնել։ Ընթացքում մարդկանց նկարահանում են։ Մեքենաներում մնացածներին «հարցաքննում են» լրագրողները։

Երեկ Հակարիի կամրջին ձերբակալել և Բաքու են տարել 2022-ին Արցախ տեղափոծված (նախկին ռուսաստանցի) միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին։ Ադրբեջանի դատախազությունը նրան մի շարք ծանր հոդվածներ է մեղսագրում՝ ահաբեկչության ֆինանսավորում, զինված կազմավորումների ստեղծում և այլն։

Արդեն այսօր Արցախի նախկին արտգործնախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է՝ Ստեփանակերտից մեկնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի․ «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։

տե՛ս

Հաղորդում հանցագործության մասին․ Սամվել Բաբայանը տված անունները
Այս պատերազմը երբևէ կվերջանա՞
Ղարաբաղից տարհանումը շարունակվում է․ կան մտահոգություններ
Ղարաբաղը հրադադարից հետո
Գերխնդիրը մարդկանց էվակուացումն է
Սա՛ էր կապիտուլյացիան