Home / Հայաստան / Ամենխոշոր, տխրահրչակ, բայց արևմտյան Georgia-ի բանկը գալիս է Հայաստան

Ամենխոշոր, տխրահրչակ, բայց արևմտյան Georgia-ի բանկը գալիս է Հայաստան

Վրաստանի բանկը՝ Bank of Georgia-ն, պատրաստ է 303.6 միլիոն դոլար վճարել հայկական Ամերիաբանկի համար․ կողմերն արդեն պայմանավորվել են, սպասում են գործարքի վերջնական հաստատմանը։

Ամերիաբանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները դեռ 2022-ին են սկսվել։ Այն ժամանակ բանկի փայատերը՝ հայ-ռուսական գործարար Ռուբեն Վարդանյանը, որին պատկանում է ՓԲԸ բաժնետոմսերի 49 տոկոսը, հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին։ Բանկը վաճառվում է հիմա, երբ Վարդանյանը ադրեն բանտարկված էր Բաքվում։

Մամուլում տեսություններ են տարածվում, որ վաճառքը կարող է հարկադրված լինել։ Կառավարությունը փորձե՞լ է պարզել՝ արդյոք Իլհամ Ալիևը, որի հրահանգով անցած տարվա սեպտեմբերին ձերբակալել էին Վարդանյանին, չի ստիպել նրան այս բանկը վաճառել։

Ամերիաբանկից վստահեցրել են՝ քննարկումները մոտ երկու տարի առաջ են սկսվել, ադրբեջանական բանտում գտնվող Վարդանյանն անձամբ որևէ առնչություն չունի այս գործարքին։ Վարդանյանի հետ փոխկապակցված «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պարզաբանել է՝ գործարարը իր 48․8 տոկոս բաժնեմասը վաղուց կառավարման է հանձնել «Իմաստ գրուպ» ընկերությանը, նա դուրս է եկել խորհրդի կազմից և երկար ժամանակ է՝ չի զբաղվել բանկի կառավարմամբ։

Ավելին՝ Bank of Georgia-ն, դատելով բաց աղբյուրներից, Ամերիայի հետ վաղուց սերտ կապեր ունի։ Երբ Ռուբեն Վարդանյանը հեռացավ Ամերիայի խորհրդի նախագահի պաշտոնից, նրան փոխարինեց Կախաբեր Կիկնավելիձեն՝ «Տրոյկա Դիալոգի» նախկին աշխատակիցներից մեկը, որը 2008-ից մինչև 2016 թվականները զբաղեցրել է Bank of Georgia-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Նա հիմա է՛լ Ամերիաբանկի խորհրդի անդամ է։

Ի՞նչ է, ըստ էության, հայտնի Bank of Georgia-ի մասին։ Սա Վրաստանի առաջատար բանկն է, որը գրանցված է Մեծ Բրիտանիայում, ներկայացված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, բաժնետոմսեր ունի բազմաթիվ ներդրումային ընկերություններում։

Ամերիաբանկի առքուվաճառքի գործարքը նախատեսում են հաջորդ ամիս ավարտին հասցնել։

«Այս գործարքը նշանակալի ձեռքբերում է [մեզ] համար։ «Ամերիաբանկի» միջոցով պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը», – հայտարարել է Bank of Georgia Group-ը:

Ամերիաբանկից հայտարարեն են՝ վաճառքից հետո բանկի անունը չի փոխվի, ղեկավար անձնակազմն իր տեղում կմնա, հաճախորդները անհանգստանալու պատճառներ չեն ունենա։

Բաժնետիրոջ փոփոխության վերաբերյալ դեռ Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է դիրքորոշում հայտնի ու համաձայնություն տա։ Պաշտոնական դիմումն արդեն ստացել են։

Ամերիաբանկի վաճառքի մասին լուրը համընկավ մեկ այլ խոշոր գործարքի հետ։ Շաբաթներ առաջ հաղորդվեց, որ Արդշինբանկը պատրաստվում է գնել HSBC Armenia-ն՝ հայկական շուկայի միակ արևմտյան բանկը։

Տնտեսագետները սա հիմնականում բացասաբար էին գնահատում՝ 3 միլիոնանոց Հայաստանում 18 բանկ կա, 18-ից միայն մեկն էր իսկապես միջազգային, այն էլ հեռանում է։

Եթե Ամերիան վաճառվի լոնդոնյան Bank of Georgia-ին՝ Հայաստանը, թեկուզ միջնորդվորված և անուղղակիորեն, բայց կպահպանի իր հասանելիությունը Լոնդոնի ֆոնդային բորսային։

Bank of Georgia-ն հարևան երկրի ամենաեկամտաբեր առևտրային բանկերից է։ Տեղի ընդդիմադիրները ահազանգում են՝ իշխող «Վրացական երազանք» կուսկացության օրոք բանկերի մաքուր եկամուտը Վրաստանում «աճել է մոտ 18 անգամ», սովորական մարդկանց վարկային ստրկությունը միայն խորացել է։ 2011-ից ի վեր Վրաստանի հարկադիր կատարման ծառայությունը 17․5 հազար բնակարան/տուն է առգրավել մարդկանցից, որոնք գույքի գրավադրմամբ վարկեր են վերցրել բանկերից կամ պարտքեր՝ մասնավոր վաշխառուներից, որոնց հետ, ըստ որոշ տեղեկությունների, համագործակցում են նաև առաջատար բանկերը։

Վերջերս Վրաստանում անհնազանգության ակցիաներ էին՝ մարդիկ փորձում էին պաշտպանել աճուրդի հանված տների բնակիչներին, որոնց հարկադիր կատարողները վռնդում են իրենց բնակարանից։ Ակտիվիստները ահազանգում են՝ բանկերը ստրկական պայմաններ են սահմանել վարկառուների համար, ընդ որում՝ հաճախ նրանք շահագրգռված են ոչ թե բուն վարկի մարմամբ, այլ հենց գույքի բռնագանձմամբ։ 

տե՛ս Վրաստանում փորձում են դիմադրել տնազրկող կարգերին