Home / Շուկա / Վրաստանում փորձում են դիմադրել տնազրկող կարգերին

Վրաստանում փորձում են դիմադրել տնազրկող կարգերին

Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը հետաքննում է իրավապահների կողմից լիազորությունների զանցման մասին հաղորդումները․ նախօրեին տասնյակ մարդիկ հավաքվել էին Կեկելիձեի փողոցում՝ պաշտպանելու արվեստաբան Մարինա Խաթիաշվիլիին և նրա ընտանիքի անդամներին, որոնց հարկադիր կատարողները փորձում էին վտարել իրենց բնակարանից։ Բնակարանը բանկային պարտքի դիմաց աճուրդի է հանվել և վաճառվել։

Ոստիկանությունը բերման էր ենթարկել առնվազն 20 ցուցարարի։ 18-ի նկատմամբ վարչական, երկուսի՝ քրեական գործ է հարուցվել։ Վերջիններիս գույքի վնասում կամ ոչնչացում է մեղսագրվում։ Ձերբակալվածների մեջ է նաև լրագրող Գելա Մթիվլիշվիլին։

Բարիկադներ

Լուրը, որ Մարինա Խաթիաշվիլիի ընտանիքին վտարելու են իրենց բնակարանից, մի քանի օր առաջ տարածվել էր սոցիալական ցանցերում։ Հունվարի 23-ի առավոտյան Կեկելիձե փողոցի առաջին շենքի մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ մարդիկ՝ բարեկամներ, հարևաններ, ակտիվիստներ, որոնք եկել էին՝ պաշտպանելու ընտանիքին բանկային ունեզրկումից և հարկադիր կատարողներից։ Ոստիկանությունը տեղում մեծաթիվ ուժեր էր կուտակել։

Վտարման օպերացիան մի քանի ժամ տևեց։ Հարկադիր կատարողները փորձում էին մտնել բնակարան, հանել կահույքը, ընտանիքի անձնական իրերը և ստիպել Խաթիաշվիլիին լքել տունը։

Փողոցում հավաքված մարդիկ փորձում էին արգելել ուժայինների մուտքը բնակարան։ Պարբերաբար բախումներ էին լինում։

Խաթիաշվիլիի ընտանիքը նախօրոք պատրաստվել էր ակցիային՝ տան դուռը զոդել էին և փակել։ Բնակարանի դռները բացելու համար ոստիկանները հատուկ տեխնիկա էին բերել։

Ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև ընդհարումների ընթացքում մի քանի հոգի վնասվածքներ է ստացել, վնասվել է նաև ոստիկանության մեքենան։

Ամեն դեպքում՝ ուժայիններին հաջողվել է ճեղքել ցուցարարների շարքերը, մտնել տուն և ավարտին հասցնել վտարման գործընթացը։

Թբիլիսիում առավոտից ձյուն էր՝ մինուսային եղանակ։ Մարդիկ բողոքում էին՝ բանկերը, որոնց ծառայում է ոստիկանությունը, փողոց են վռնդում աղքատներին, անտեսելով նույնիսկ եղանակային պայմանները։

Սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվում, թե ուժայինները Խաթիաշվիլիի և նրա աջակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Ոստիկանությունը հերքում էր։ Հարկադիր կատարման ծառայությունից պատասխան մեղադրանքներ էին հնչում՝ թե ցուցարարները գազային բալոն են օգտագործել, որից տուժել են ոստիկանության մի քանի ծառայողները։

վճարել երեք անգամ շատ և հայտնվել փողոցում

Մարինա Խաթիաշվիլիի ընտանիքը այժմ անտուն է։ Իրավապահները հայտարարում են, թե ունեզրկումը օրենքի շրջանակներում է արվել՝ 2008-ից ի վեր արվեստաբանը պարտքեր ունի, գույքը բռնագանձվել է բանկային պարտքի դիմաց։

16 տարի առաջ Խաթիաշվիլին վարկ էր վերցրել «Վրաստանի Բանկից» (Bank of Georgia)՝ 10 տարի ժամկետով։ Գրավադրվել էր Թբիլիսիի կենտրոնում գտնվող՝ 108 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանը։ Կինը պնդում է՝ 2013 թվականին ուշացրել է վարկի մարումը ընդամենը մեկուկես ամսով, բանկը միանգամից գործը փոխանցել է դատարան։

5 տարվա ընթացքում Խաթիաշվիլին «Վրաստանի Բանկին» է վճարել ընդհանուր 43 հազար դոլար՝ տուգանենքները ներառյալ։ Հիշեցնենք՝ գումարը վճարվել է 20 հազար դոլարանոց վարկային գործի շրջանակներում։ Ավելին՝ ընտանիքը ևս 80 հազար դոլար է վճարել մասնավոր գրավառուներին։ Վարկը շեշտակի գերազանցող գումարները վճարվել են վտարումը կանխելու համար։ Բայց, Խաթիաշվիլիի խոսքերով, պայմանագրային դրույթներն այնպիսին են, որ նույնիսկ այսքան գումարը չի կարողացել կանխել վտարման որոշումը։

2019-ին հարկադիր կատարողները առաջին անգամ ծանուցել են՝ բնակարանը պետք է ազատվի։ Խաթիաշվիլին դիմել է դատարան, գործընթացը հետաձգվել է սկզբում երեք ամսով, իսկ հետո՝ մինչև 2020-ի մարտի 20-ը։ Մարտին համավարակ է սկսվել, վտարումների համար հայտարարվել է մորատորիում։

Ընտանիքին տնից հանելու հերթական փորձը արվել է 2022-ի հունիսի 17-ին․ Բանկն արդեն վաճառել էր բնակարանը (աճուրդով), այն նոր սեփականատերեր ուներ։

Այն ժամանակ վտարման գործընթացը ավարտին հասցնել չէր ստացվել․ բարեկամները, հարևանները և Խաթիաշվիլիի աջակիցները փակել էին փողոցը և թույլ չէին տվել, որ հարկադիր կատարողները մոտենան բնակարանին։ Տապալվել էր նաև հաջորդ փորձը՝ անցած տարվա հունվարին։

Երեկվա բախումները ոստիկանությունը արդարացրել է նրանով, որ նոր սեփականատերերը ևս մի քանի ամիս սպասելու ժամանակ չունեն։

Մարինա Խաթիաշվիլին և նրա հարազատները վտարման ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել, բնակարան ներխուժելիս ոստիկանները վնասել են նրա իրերը, այդ թվում՝ ընտանեկան գրադարանը․ «Ամեն ինչ փողոց շպրտեցին, իմ ծնողների, իմ նախնիների իրերը, մեր գրքերը», – պատմել է կինը։

օրինական ունեզրկումներ

Վրաստանի բնակչության 15․6 տոկոսը աղքատության մեջ է ապրում։ Վարկերի պատճառով հարյուրավոր ընտանիքներ անտուն են մնացել։ Խաթիաշվիլին պնդում է՝ տասնյակ հազարավոր դոլարներ է վճարել, որ չզրկվի բնակարանից։ Քաղաքի կենտրոնը աղքատների համար չէ՝ ասում են ակտիվիստները և առաջարկում ստեղծված իրավիճակին նայել վերջին տասնամյակների ջենտրիֆիկացիայի քաղաքականության համատեքստում։

Բողոքի ցույցը երեկ շարունակվել է նաև վտարումից հետո։ Ցույցի մասնակիցները կոչ են արել ժողովրդին՝ միանալ իրենց, ստիպել պետությանը և բանկերին վերանայել վարկային քաղաքականությունը։

«Այս անարդարությունը բոլորն են տեսնում։ Ընտանիքը վարկից երեք անգամ շատ գումար է վճարել բանկերին, միևնույնն է՝ հայտնվել է փողոցում։ ․․․Շատ երկրներում արգելված է ձմռանը մարդկանց վտարել տնից։ Հարկավոր է փոխել մեր օրենսդրությունը, այն պետք է ավելի մարդասեր լինի։ Պետությունը պարտավոր է տանիք տալ անտուններին՝ մարդկանց, որոնք ֆինանսական հնարավորություններ չունեն», – On.ge-ի հետ զրույցում ասել է իրավաբան Վախուշտի Մենաբդեն։

Սոցիալական արդարության կենտրոնը տեղի ունեցածը դաժանություն է որակել։ Հենց այս կենտրոնն է առաջինը ահազանգել վտարման մասին և կոչ արել ժողովրդին՝ հակազդել հարկադիր ծառայության որոշումներին։

Կենտրոնից տեղեկացրել են՝ հունվարին Թբիլիսիում ևս երեք ընտանիքների են վտարելու իրենց տներից։ Երեքն էլ պատրաստ են մարել բանկային պարտքը, չնայած որ չեն կարող դա անել միանգամից։

«Վրաստանում նման դեպքերը բացառություն չեն։ Արատավոր վարկային քաղաքականության հետևանքն է սա․ վարկատուները շահագրգռված են գրավադրված գույքը սեփականացնելով և վաճառելով։ Նրանք օգտվում են պարտապանների ծանր սոցիալ-տնտեսական վիճակից, վարկային պայմանագրեր են կնքում ստրկական պայմաններով, որոնք տունը կորցնելու իրապես բարձր վտանգ են պարունակում, – հայտարարել է Սոցիալական արդարության կենտրոնը։ – Երկար տարիներ է՝ պետությունը ամբողջությամբ անտեսում է վտարված ընտանիքների սոցիալ-տնտեսական խոցելիությունը, անչափահասների, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող մարդկանց, տարեցների կարիքները, ընտանիքների՝ անտուն մնալու վտանգը»։

Այսօր Հարկադիր կատարման ծառայությունը ևս մեկ ընտանիքի պետք է վտարեր Թբիլիսիում գտնվող իրենց բնակարանից։ 48-ամյա Մարիամ Կակիաշվիլին (երկու երեխաների մայր է, պատերազմի մասնակից) սպասում էր, որ հարկադիր ծառայողները կգան առավոտյան։ Վաղ առավոտից նրա տան մոտ էին հավաքվել հարևաններն ու քաղաքացիական ակտիվիստները։

Որոշ ժամանակ անց Հարկադիր ծառայությունից հաղորդեցին, որ Ցոտնե Դադիանիի փողոցում ապրող ընտանիքի պլանավորված վտարումը հետաձգվել է։ Բողոքի ցույցի ֆոնին Ծառայությունը հիշել է, որ ընտանիքը «սոցիալապես անապահով է, բացի այդ՝ երկու անչափահաս անդամ ունի»։ Հայտարարվել է, թե նրանց «հավելյալ ժամանակ է տրվել»՝ խնդիրը լուծելու համար։

Մարիամ Կակիաշվիլին հիպոթեքային պարտք է վերցրել 2014 թվականին՝ մասնավոր վաշխառուից։ Հետագայում, որպեսզի փակի այս պարտքը, նոր պարտք է վերցրել մեկ այլ վաշխառուից՝ 16 հազար դոլար։ Պարտքը ժամանակին մարել չի կարողացել։ Նրա բնակարանը աճուրդի է հանվել 2018-ին և «գնվել է» հենց այն վաշխառուի կողմից, ով ավելի վաղ պարտքով գումար էր տվել նրան։