Ընտանիքի 5 անդամներին սպանելու մեջ կասկածվող 25-ամյա Ահմեդ Ահմեդովը ձերբակալվել է 4 ամսով՝ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Եթե պարզվի, որ նա հանցանք կատարելիս անմեղսունակ է եղել, Ահմեդովին կուղարկեն հարկադիր բուժման։ Եթե պարզվի, որ նա «հոգեպես առողջ է», Ադրբեջանի քրեական օրենսգրքի համաձայն՝ դատախազը առանց ներման իրավունքի ցմահ ազատազրկում կպահանջի։
Բաքվում ապրող ընտանիքի հինգ անդամներին սպանել են կացնահարելով։ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնում է՝ փետրվարի 13-ին, մոտավորապես ժամը 16:30-ին, ոստիկանությունը տեղեկություն է ստացել Բաքվի Խաթայի շրջանում սպանությունների մասին։ Միջադեպը տեղի է ունեցել գեներալ Շիխլինսկի փողոցի 29 հասցեում գտնվող տներից մեկում: Սպանվածներն են 52-ամյա Ահմեդով Մեհմանը, 47-ամյա Ահմեդովա Բիկեն և 9-ամյա Ահմեդով Մուհամմեդը։
Հաղորդվում է, որ ոստիկանները ընտանիքի անդամների սպանության կասկածանքով բերման են ենթարկել 25-ամյա Ահմեդ Ահմեդովին, ինչից հետո հայտնել են ևս երկու սպանության դեպքի մասին։ Կասկածյալը, ըստ նախաքննության, նախքան ծնողներին ու կրտսեր եղբորը սպանելը գնացել է Սուրախանի թաղամասում բնակվող քրոջ մոտ, որը տանն էր իր երեխայի հետ։ Քննության տվյալներով՝ Ահմեդ Ահմեդովը կացնահարելով սպանել էր քրոջը՝ 27-ամյա Էլմիրա Ահմեդովային և նրա 5-ամյա դստերը՝ Ուլվիային։ Հետո նա ուղևորվել է իր ծնողների տուն։
Որդու կողմից սպանված կինը Խաթայի շրջանի թիվ 59 միջնակարգ դպրոցի դպրոցի տնօրենն էր։ Զոհերի հարևանները լրագրողներին պատմել են, որ Ահմեդովների ընտանիքը օրինակելի է եղել, և նրանք երբեք խնդիրներ չեն ունեցել։ Բայց, ըստ նրանց, ավագ որդին հոգեկան խնդիրներ ուներ, և նա երկար ժամանակ ապրել և բուժում է ստացել Ռուսաստանում։ Իսկ Բաքու վերադառնալուց հետո ապրել է ծնողներից առանձին։
Ըստ հարևանների՝ ընտանիքը մեծ աջակցություն է ցուցաբերել Ահմեդին, հայրը նրան նույնիսկ մեքենա է գնել, որ տաքսի վարի և գումար աշխատի։
Հարևաններից մեկն էլ պատմել է, որ երբ Ահմեդ Ահմեդովը դեռ 15 տարեկան է եղել, դանակով վիրավորել է հասակակցին, սակայն հոգեկան խնդիրների պատճառով չի կրել պատիժը, ենթարկվել է հարկադիր բուժման։
Փաստաբան Փարվիզ Հաջիևը նշել է, որ եթե ապացուցվի, որ Ահմեդովը հոգեկան խնդիրներ ունի, նա անպատիժ կմնա. «Եթե անձը հաշվառված է եղել հոգեբուժարանում, հոգեկան խնդիրներ է ունեցել, եթե համապատասխան փորձագետի եզրակացության արդյունքում պարզվել է, որ անձը հանցավոր արարքներ կատարելիս գտնվել է անմեղսունակ վիճակում, պատժի չի ենթարկվի: Կկիրառվեն բժշկական բնույթի պարտադիր միջոցներ»։
Բայց եթե Ահմեդ Ահմեդովը հոգեպես առողջ է, ապա նրան սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց բողոքարկման իրավունքի։