Երևանի կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները ստորագրահավաք են սկսել Կառավարության նախաձեռնության դեմ, ըստ որի բուհը տեղափոխվելու է «Ակադեմիական քաղաք»։
«Ակադեմիական քաղաքի» համար իշխանությունները Երևանի 17-րդ թաղանասում նոր ավան են կառուցելու, որտեղ կենտրոնացվելու են մայրաքաղաքի մինչև 16 բուհերը։ Ըստ նախագծի՝ Ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու 6 կլաստերներից՝ կրթական, տեխնոլոգիական, դասական, արվեստային, բժշկական և սպայական։
Ծրագրի հայեցակարգը հաստատվել է անցած տարվա հոկտեմբերին։ Ակադեմիական քաղաքում նախատեսվում է կառուցել նաև հանրակացարանային թաղամաս։ Նորակառույց ավանը, ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով։ Կառավարության խիստ նախնական հաշվարկներով՝ ապագայում այնտեղ ապրելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։
Նախարարը ասում էր, որ նախագիծը կհանձնվի 2030 թվականին, բայց ավանի գլխավոր հատակագիծը կազմած գերմանական ընկերության ներկայացուցիչն օրեր առաջ Հանրայինի եթերում այլ ժամկետներ էր նշում՝ 15-20 տարի։
Թեև նախագիծը նոր չէ, Կոնսերվատորիայի պոտենցիալ տեղափոխության շուրջ քննարկումներն ակտիվացել են մի քանի օր առաջ, երբ «Ակադեմիական քաղաք» պետական հիմնադրամը բուհերին ուղարկել է ավանի տարածքում ձևավորվող աշխատանքային խմբերի կազմը։ Ըստ այդ փաստաղթի՝ արվեստների կլաստերում Կոնսերվատորիային միանալու են Թատերականը, Գեղարվեստի ակադեմիան, Հնագիտության և ազգագրության ինստիտունը, Արվեստի ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։
Ստորագրահավաքը նախաձեռնած ուսանողները Կոնսերվատորիայի տեղափոխությանը դեմ են։ Սոցցանցերում խոսում են «օպտիմալացման» և հիշատակված բուհերի ենթադրյալ միավորման մասին։
Արձագանքելով այս իրարանցմանը, ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է՝ արտահոսած նամակը թույրընկալում է առաջացրել, այնտեղ հիշատակված կրթական հաստատությունների ցանկը աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ է, ոչ թե միավորման կամ խոշորացման:
««Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի պետական ծրագրով» նախատեսված բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման համատեքստում դեռևս 2023 թվականին մեկնարկել են մասնագիտական քննարկումներ, և այժմ այդ նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր: Օրերս տեղի է ունեցել արվեստի կլաստերի աշխատանքային խմբի առաջին քննարկումը, որում ներգրավված են նաև Երևանի կոնսերվատորիայի ներկայացուցիչները: Սա շատ բարդ ու բազմաշերտ գործընթաց է, և քննարկումների ընթացքում բոլոր կարծիքները, դիտարկումներն ու մտահոգություններն անպայման պետք է լսենք և հաշվի առնենք: Ուրախ եմ, որ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը ակտիվ են», – ասել է նախարար Անդրեասյանը։
Կոնսերվատորիայի վարչակազմը դեմ է և՛ հնարավոր խոշորացմանը, և՛ հաստատության տեղափոխությանը։ Խոսվում է բուհի բնականոն աշխատանքի խաթարման, Կոնսերվատորիայի շուրջ ձևավորված մշակույթի՝ օպերային և երաժշտական քոլեջներին մոտ լինելու մասին։ Դասախոսական կազմի հետ համակարծիք ուսանողները կարծում են, որ իշխանությունների այս նախագիծը կաթվածահար է անելու երաժշտական կրթությունը։ Խոսակցություններ կան, որ Կոնսի շենքում իրականում հյուրանոց են ուզում բացել։
Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը հավաստիացնում է՝ իրենց որոշումն անփոփոխ է մնալու, քանի որ և՛ դասախոսները, և՛ ուսանողները դեմ են հաստատության տեղափոխմանն ու «խոշորացմանը»․ «Չի կարելի 100-ամյա բուհը մեխանիկորեն տեղափոխել», «Ընդհանրապես ծառ տնկելը անտառ չէ», «մենք արդեն գոյություն ունեցող միջավայր ու հարաբերություններ ունենք», «555 դասախոսական կազմով, 700-ից ավելի ուսանողներով բուհը իր բովանդակությամբ Հայաստանում եզակիներից է» և այլն։
Շատերի թերահավատ են, որ իշխանությունները սեղմ ժամկետներում կկարողանան կյանքի կոչել կրթական քաղաք կառուցելու նախագիծը։
Թեմային անդրադարձել է նաև կոմպոզիտոր, երաժշտագետ, Կոնսերվատորիայի ամբիոններից մեկի նախկին վարիչ Արթուր Ավանեսովը, որը և՛ս դեմ է Կոնսերվատորիայի տեղափոխությանը։
«Կոնսերվատորիայի «փակվելու» կամ «օպտիմալացման» վերաբերյալ այնքան բան կա ասելու… Իհարկե, ինքս խիստ անհամաձայն եմ` ոչ թե որովհետև չեմ պատկերացնում գաղափարը, այլ չեմ հավատում դրա պատշաճ իրագործմանը։ Պատճառներ ունեմ խորապես կասկածելու։
Բայց այս պահին մեծ ցավով եմ կարդում անհանգստացած մարդկանց բոլոր հրապարակումները։ Ես շատ կուզենայի անցյալում ավելի շատ մարդկանց տեսնել, ովքեր նույն ձևով անհանգստացած լինեին կոնսերվատորիայում երկար տարիներ (շատ վաղուց) տիրող բարձիթողի կրթական վիճակից, որակյալ մասնագետների և բուհում պատահաբար հայտնված մարդկանց համահավասարեցումից (բոլորը` դոցենտ և պրոֆեսոր, անկախ երաժշտության ոլորտում իրական ձեռքբերումներից), ռացիոնալ, սթափ տեսլականի բացակայությունից, ժամանակակից կրթական պահանջներին չհետևելուց, մեթոդների հնամաշությունից, սեփական ուսանողների հետ փողով պարապելու որոշ դասախոսների խայտառակ ավանդույթից (որի հիմքում ողորմելի աշխատավարձերն էին) ու բազմաթիվ նման խնդիրներից։
Եթե այդ բոլոր մարդիկ այն ժամանակ իրար կողքի կանգնեին և պահանջեին հարցին լուծում տալ, երբ ես աղաղակում էի այդ խնդիրների մասին, այսօր ոչ մեկի մտքով չէր անցնի, որ կարելի է կոնսերվատորիան “օպտիմալացնել”: Կոնսերվատորիան ինքը ցույց կտար պետությանը, թե ինչպես կարելի է օպտիմալացվել։ Իսկ այսօր ունենք այն, ինչ կա` փտած ենթահամակարգով բերանը բամբակով ջուր կաթացնելով աշխատող մի բուհ, որը ով ասես ուզում է «օպտիմալացնել»:
Սա ասում եմ մեծ ցավով, որովհետև, ինչ էլ լինի, իմ բուհն է, և ես պարզ տեսնում էի, թե ինչ կարելի էր անել, որպեսզի մի լավ բան դառնար։
Ժամանակին գիշեր-ցերեկ աշխատեցինք, որպեսզի գոնե պայմանները հասկանալով «օպտիմալացնենք» ուսումնական պլանը, որի շնորհիվ կոնսերվատորիան անցավ հավատարմագրումը։ Իմ ցանկացած առաջարկի համար ստիպված էի նյարդեր քայքայել, և անգամ այս դեպքում առաջարկներիս միայն փոքր մասն էր իրականություն դառնում, մնացածները կա’մ մերժվում էին, կա’մ զավեշտալիորեն «հարմարեցվում»։
Նախկինում իմ ղեկավարած ամբիոնի համար չեղած տեղից ստեղծեցի առարկայական ծրագրեր, բայց գնալուցս հետո դրանց ոչ ոք չհետևեց` համարելով, որ արվեստագետներին դրանք պետք չեն։ Արվեստագետներին` իրոք պետք չեն, բայց ուսումնական հաստատությանը` օդի պես անհրաժեշտ։
Միշտ ասվում է` Կոմիտասն է երազել կոնսերվատորիա ունենալ, մեր կոնսերվատորիայում սովորել են մեծ երաժիշտներ, հիմա էլ հրաշալի ուսանողներ կան։ Այո։ Կոմիտասի երազած կոնսերվատորիան արվեստի ժամանակակից օջախ էր, երաժշտության սրբավայր։ Անցե՛ք կոնսերվատորիայի կողքով, մտե՛ք ներս ու մտածե՛ք Կոմիտասի երազանքի մասին։ Մեծ երաժիշտներ կոնսերվատորիայում թե սովորել, թե դասավանդել են։ Հիմա էլ կան հոյակապ երաժիշտներ` շատ ավելի քիչ, բայց կան։ Կան նաև շատ մարդիկ, ում անձամբ ես մոտ չէի թողնի այդ շենքին։ Իսկ ուսանողների մեջքի հետևում հեշտ է թաքնվել։ Այն ուսանողները, որոնք ունեն տաղանդ և մասնագիտական դասարանի լավ դասախոս, հիմա էլ փայլում են ու ամեն տեղ ներկայացնում կոնսերվատորիան։ Բայց հերիք եղավ նրանց օգտագործել որպես համակարգային թերությունները շպարելու միջոց։
Ու վերջին մի բան։ Ամիսներով ապշած էի, որ նույն աղմուկը չէի լսում այն ժամանակ, երբ պետությունը կայացնում էր այս որոշումը (որը, գործընկերներիս նման, սխալ և քայքայիչ եմ համարում): Այն ժամանակ ինչո՞ւ չբարձրացվեց բուհի ղեկավարության ձայնը։ Կամ էլ` բարձրացվեց, բայց հազիվ լսելի, որ ոչ ոք չնկատեց։ Նորությո՞ւն էր սա արդյոք։ Ինչու հիմա՞, այլ ոչ թե այն ժամանակ», – գրել է կոմպոզիտորը։