Վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել դաշնակցական Գագիկ Սարգսյանին։ Քիչ առաջ քննչական կոմիտեից հաղորդել են՝ բացահայտվել են փետրվարին Երևանում «կազմակերպված ահաբեկչության երկու դեպքերը», 4 հոգու, այդ թվում՝ Գ․Ս․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
Փետրվարի 20-ին պայթյուցիկի առկայության մասին ահազանգ էր ստացվել միաժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի (Գյուլբենկյան 30/3) և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պատգամավոր Գուրգեն Արսենյանի ղեկավարած՝ «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի (Գյուլբենկյան 33) մոտից։ Ոստիկանները հայտնաբերված սարքերը «վնասազերծել էին»։ Մինչ այդ, ըստ Քննչական կոմիտեի, դեպք է եղել (ՔԿ-ն այն «ահաբեկչություն» է որակում) նաև Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատանը։ Ըստ Քննչականի , մեղադրյալներից մեկը՝ ենթադրելով, որ այդ առանձնատունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գուրգեն Մելքոնյանին՝ փետրվարի 10-ին այնտեղ պայթուցիկ է տեղադրել։ Սարքը, ըստ պաշտոնական վարկածի, պայթել է նույն գիշերը։
Քննչականը պնդում է, որ հանցագործությունները պայմանավորված են եղել նրանով, որ մեղադրյալները «հակաիշխանական հայացքներ» և «Հայաստանում գործող իշխանության հետ գաղափարական թշնամանք» ունեին։ Ըստ պաշտոնական վարկածի, այսկերպ նրանք փորձել են վախեցնել ՔՊ-ականներին, մասնավորապես՝ իշխանական պատգամավորներ Գուրգեն Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին, և ստիպել նրանց ձեռնպահ մնալ «իրենց համար անընդունելի» քաղաաքականություն վարելուց և դիրքորոշումներ արտահայտելուց
«Այսպես, Գ.Ս.-ն […] կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքում քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը», – գրել է ՔԿ-ն։
Ըստ իրավապահ կառույցի, Ա․Գ․-ն՝ Է․Պ․-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված, փշրտող գործողության տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն սարքը և այն գործարկման վիճակի բերելու համար անհրաժեշտ մարտկոցը, բացատրել է վերջինը պայթուցիկ սարքի մեջ տեղադրելու եղանակը:
«Դրանից հետո վերջիններս, կիրառելով քողարկման ու չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, ուղևորվել են դեպի Երևան քաղաքի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից իրեն փոխանցված՝ ավերածություններ գործելու համար պիտանի պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի հիշյալ առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս», – ասված է հաղորդագրության մեջ։
Ավելին, ոմն Վ․Հ․-ն, ըստ Քննչականի՝ Գ․Ս․-ի և դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին «ահաբեկելու, հանրային իշխանության գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության մարմիններին, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց և քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ» փետրվարի 20-ին գնացել է Երևանի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ և ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ և պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ և մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարք։
Նույն օրը, ըստ Քննչական կոմիտեի, Վ․Հ․․-ն գնացել է նաև Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ և մուտքի մոտ «տեղադրել որպես խոցման էլեմենտներ՝ մանեկներ, իսկ որպես պայթուցիկ նյութ՝ անծուխ վառոդ պարունակող, մարդկանց կյանքից զրկելու, գույք վնասելու և ոչնչացնելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարք»։
Պայթեցման սարքերը, ըստ Քննչականի, չեն պայթել պատահականության բերումով՝ «ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով»:
Հիշատակված անձանց՝ Գ․Ս․-ին, Ա․Գ․-ին, Է․Պ․-ին և Վ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել տարբեր, այդ թվում՝ ահաբեկչության հոդվածներով։ Նրանցից երկուսը կալանավորվել են, մյուս երկուսը՝ ձերբակալվել։
Ավելի վաղ դաշնակցական Գագիկ Սարգսյանի որդին հայտարարել է, որ առավոտյան ժամը 7-ի կողմերը իրավապահները ներխուժել են իրենց բնակարան, բռնության ենթարկել իրենց և բերման ենթարկել իր հորը։
«Առավոտյան 7-ի կողմերը ավտոմատներով մտել են մեր տուն, բոլորիս պառկացրել գետնին, այսինքն՝ վերաբերվել են այնպես, ինչպես կվարվեին ամենավտանգավոր հանցագործի հետ: Ինձ հարվածել են, գոռում էի, ասում, որ նախարարության աշխատակից եմ, լրագրող, բայց այդ պահին մեկը ոտքով հարվածեց դեմքիս, ասեց՝ «սուս մնա», մայրս էր շատ վախեցել», – «Ազատությանը» պատմել է կրտսեր Սարգսյանը:
Ըստ նրա՝ իրեն և հորը ձեռնաշղթաներով տան առանձին սենյակներում են պահել, մոտ չորս ժամ հարցաքննելուց հետո հորը առանց որևէ պարզաբանման բերման են ենթարկել:
ԱԱԾ աշխատակիցները, ըստ Արամ Սարգսյանի, տան խուզարկությունից հետո առգրավել են իր անձնական օգտագործման նոութբուքը, հեռախոսի քարտն ու մի քանի կրակած պարկուճ․ «Վերջերս որ գնացել էինք Հոկտեմբերյանի հրաձգարան կրակելու՝ այնտեղից էի բերել, սիրունության համար»։
թարմացում — Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում՝ ասել է փաստաբան Վահե Եփրիկյանը․ «Մեր գնահատմամբ մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես՝ հայտնի չէ, թե Սարգսյանը հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, ուստի ՔԿ-ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե «․․․ահաբեկչության դեպքերը բացահայտվել են» խստագույնս չափազանցված է։