Home / Հայաստան / Կարող են երգել ու պարել միայն նրանք, ովքեր հասկանում են օրվա խորհուրդը

Կարող են երգել ու պարել միայն նրանք, ովքեր հասկանում են օրվա խորհուրդը

Վերնիսաժի այգու Գարեգին Նժդեհի արձանի մոտ այսօր Մարտական եղբայրություն միաբանությունն այլ անկախականների հետ միասին նշում էր Անկախության տոնը։ Միջոցառմանը հրավիրված էին բոլոր նրանք, ովքեր «պարտությունը վերջնական չեն համարում և պատրաստ են պայքարել հանուն անկախության»։

Հայաստանի հիմնից հետո առաջինը ելույթ ունեցավ պատմաբան, նախկին լևոնական, այժմ Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ «Ռուս-թուքական վանդակը» դասախոսությունների շարքի հեղինակը։ Նա ելույթը սկսեց շնորհավորանքներով, այնուհետև խոսեց մեռածների մասին․

«Հավաքվել ենք Գարեգին Նժդեհի արձանի մոտ Նժդեհի առաջնորդությամբ, նրա գաղափարների առաջնորդությամբ, նրա կերպարի առաջնորդությամբ, որովհետև քանի դեռ մեր սերունդը իր միջից չի կարողացել կերտել նման առաջնորդներ, մենք ունենք մեծ մեռելների առաջնորդությունը և մենք ընդունում ենք այդ առաջնորդությունը, ընդունում ենք որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար և առաջնորդ»։

Նախկին լևոնականը վստահ է` այսօր պայքարի օր է, ոչ թե երգ ու պարի, կարող են երգել ու պարել միայն նրանք, ովքեր հասկանում են օրվա խորհուրդը։ Այնուհետև հիշեց Լեռնային Ղարաբաղի հայաթափումը՝ «մեր պատմության ամենախայտառակ էջը», հանգստացրեց՝ «սուգ ու ողբ անել պետք չէ», «անկախությունը մի բան է, որը պետք է նվաճել», «կյանքը, որ աստված տվել է, պետք է նվիրել այդ նպատակին»։

Ինչ պետք է ունենալ և ինչ պետք է անել ըստ-Տեր Աբրահամյանի․

— կամք, ուժ, տրամադրություն, արիություն,

— միտք, գաղափար, ծրագիր,

— կազմակերպում, համախմբում։

Հիմնական թեզերը՝ «թույլ լինելը մեղք է, ճիշտը ուժեղ լինելն է», «սա արմատական ծրագիր է», «մենք վախեցնելու խնդիր չունենք», «արմատական է, եթե կուզեք՝ ռևանշիստական», «նորմալ, առողջ օրգանիզմի ռեակցիան է ռևանշը», «կազմակերպված ժողովուրդը ատոմային ռումբի պես բան է», «հեղափոխությունը բերեց ժողովրդի պարտությանը, ուրեմն ինքը լավ բան չէ, դարերի մեջ անիծվելու է», «պետք է միաբանություն ստեղծենք, ոչ թե կուսակցություն»։

photo_2024-09-21_20-32-14

Այնուհետև ճառերը մի փոքր լրջացան․ Մարտական Եղբայրությունը չի ճանաչում սովետական Հայաստանի սահմանները որպես միակ իրական Հայաստան և չի ընդունում  նոյեմբերի 9-ի պայմանագիրը։

«Ես քո լեռներում, ամպերի տակ, մենակ, վիրավոր, բայց ավելի հպարտ, քան էի», – պատմաբանն ավարտեց իր ճառը Նժդեհի ցիտատով։

Ելույթ ունեցավ Արփի Թոփչյանը, որը «Ազգ» նախաձեռնության ներկայացուցիչն է։ Նա մաղթեց, որպեսզի անկախությունը թղթի վրա գրված լինելուց դառնա պատասխանատվություն։ Թոփչյանը նշեց, որ «մենք» հասել ենք մի վիճակի, որտեղ Հայաստանի Հանրապետությունը բուտաֆորիկ միավոր է, սակայն վստահ է, որ ապագայում այն կարող է տարածաշրջանում «ասող դառնալ», «հայ ժողովրդի արգանդը չի չորացել»՝ բավական է «մտքի փոփոխությունը»։

«Հայկական ընտրություն» կազմակերպության անդամ Արմեն Աղայանը վստահեցրեց՝ ինքը երբեք ընտրություններին չի մասնակցել․ «երեք տասնյակ տարիների ընթացքում Հայաստանը կառավարեցին քաջ նազարները»։

Խոսափոխը փոխանցվեց «անկախությունը կերտած սերնդի ներկայացուցիչ», Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին․

«Չի եղել պատերազմ, որտեղ մենք տանուլ ենք տվել։ ․․․Պետք է տղամարդկանց հիշեցնենք, որ իրենց գեները կրող նախնիները կռվել են Հռոմի դեմ… Մի մոռացեք, որ մեր պապերին Թուրքիայում արգելում էին ձի քշել, պետք է էշով շրջեին։ Մի մոռացեք այդ նվաստացումները։ ․․․Բիսմարկը գիտե՞ք Խրիմյան Հայրիկին ինչ է ասել․․․»։

Մեզ չեն հաղթել, մենք պարտություն չենք կրել, իր խոսքն ավարտեց Եղիազարյանը, հնչեցին ծափահարություններ։