հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «2-5 միլիոն» ծրագրին կարող են դիմել նաև 2020-ի փախստականները

«2-5 միլիոն» ծրագրին կարող են դիմել նաև 2020-ի փախստականները

2023 թվականին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ծրագրին այսուհետ կարող են դիմել նաև 2020 թվականի պատերազմից տուժածները։ Կառավարության ընդունած փոփոխության համաձայն՝ «2-5 միլիոն» բնակարանային ծրագիրը հասանելի է 2020-ին Շուշիից, Հադրութից և ԼՂ այլ շրջաններից տեղահանվածներին, որոնք մինչև հիմա չեն ստացել նախորդ աջակցությունը՝ բնակարանային մատչելիության հավաստագիրը։ Դա 10 միլիոն դրամի հավաստագիր էր Հայաստանում տուն ձեռք բերելու համար։ 2020 թվականին Հայաստան տեղահանված ղարաբաղցիների մեծ մասը նախընտրել է վերադառնալ Ստեփանակերտ 2021 թվականին և ստանալ բնակարան այնտեղ։ Ըստ Սոցապի՝ Հայաստանում տուն գնելու հավաստագիր չեն ստացել 2020-ին տեղահանվածներից շուրջ 300 ընտանիք։

Հիշեցնենք, որ մինչ այս 2020-ին Շուշիից, Հադրութից և ԼՂ այլ շրջաններից տեղահանվածներին Կառավարությունն առաջարկում էր 10 միլիոն դրամի հավաստագիր ամբողջ ընտանիքի համար։ Սա դժգոհություն էր առաջացրել տեղահանվածների շրջանում։ Հատկապես բազմազավակ ընտանիքներին «2-5 միլիոնն» ավելի ձեռնտու է, քանի որ դրամական աջակցություն է նախատեսում ընտանքի անդամների թվով։

Կառավարությունը մեծացնելով «2-5 միլիոնի» շահառուների թիվը, կրճատել է բյուջեն։ Աջակցության չափը շարունակվում է որոշվել ըստ դիմող ընտանիքի անդամների թվի, բայց սահմանվել է վերին շեմ. դիցուք, 15 անդամ ունեցող ընտանիքը չի կարող ստանալ 75 միլիոն դրամի աջակցություն, այլ առավելագույնը 66 միլիոն դրամի։

Տեղահանվածներին հուզող ամենակարևոր հարցին՝ թե ինչու է դադարեցվել 40+10 հազար դրամ վարձակալության ամենամսյա աջակցությունը, Կառավարության նոր որոշման մեջ անդրադարձ չկա։ Սոցապ նախարարության դեմ այս հարցը բարձրացրած փասխստակններին խոստացել են պատասխան տալ հոկտեմբերի մեկին։