Home / Հայաստան / Հրդեհ երկրաշարժից մնացած փայտաշեն շենքում․ 1 զոհ, 42 տարհանված

Հրդեհ երկրաշարժից մնացած փայտաշեն շենքում․ 1 զոհ, 42 տարհանված

Ստեփանավանում գիշերը հրդեհ է բռնկվել փայտաշեն շենքերից մեկում։ Մահացել է մեկ անձ, երեքը այրվացքներով տեղափոխվել են Երևան, մի քանի հոգի ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել։

Փայտաշեն շենքերով Աշոտաբերդ թաղամասը կառուցվել է 88-ի երկրաշարժից տուն կորցրածների համար։ Այն, ըստ նախագծի, ժամանակավոր կացարան էր և պետք է ծառայեր երկու տարի` մինչ քարե շենքեր կառուցելը։

Ստեփանավանի բնակիչ Համբարձումը Epress.am-ին պատմել է, որ Աշոտաբերդը գազաֆիկացված չէ, բնակիչները ջեռուցման համար վառում են փայտ, ինչը չի կարելի փայտե տներում։ Դեռ պարզ չէ՝ փայտից թե էլեկտրականությունից է հրդեհը բռնկվել։

Աշոտաբերդում ապրում է 296 ընտանիք։ Նրանք դժգոհում են փայտի փտումից, քաղաքի խոնավությունից, հոդային հիվանդություններից, գազի բացակայությունից, վթարված կոյուղուց։

Աշոտաբերդում քարե շենք կառուցումը սկսվել է 2024-ին և կտևի չորս տարի։

Նախնական տվյալներով՝ այրվաշ շենքի 16 բնակարաններից 15-ը բնակեցված էին: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի խոսքով՝ տուժածներից 29-ը տեղավորվել են հյուրանոցներում, 13-ը հարազատների բնակարաններ են տեղափոխվել: Հաշվարկվում են վնասներն ու փոխհատուցման հնարավորությունները:

1988-ից հետո կառուցված ժամանակավոր փայտե կացարանները անցած տարի են սկսել ապամոնտաժել։ Կառավարությունը ծրագրում է տեղում նոր շենքեր կառուցել։Արդեն 9 շենք քանդվել է: Բնակիչները տեղավորվել էին մյուս շենքերի անբնակ տներում, որպեսզի շինարարության ավարտից հետո տեղափոխվեն նորակառույցներ։