Home / Շուկա / Հայտնի ձեռներեցներին Իտալիայում քցել են ՊՆ ղեկավարի անունից

Հայտնի ձեռներեցներին Իտալիայում քցել են ՊՆ ղեկավարի անունից

Հեռախոսային խարդախություններ կազմակերպող խումբն Իտալիայում գումարներ է կորզել հանրահայտ ձեռնարկատերերից։ Արհեստական բանականության միջոցով Իտալիայի Պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոյի անունից գումար են խնդրել որպես «Իրանում և Սիրիայում առևանգնված կամ ազատազրկված իտալացիների փրկագին»։ Խարդախության այս մեխանիզմը ոգեշնչված էր վերջերս Թեհրանի բանտից ազատ արձակված լրագրող Սեսիլիա Սալայի պատմությունից։

Գողացված գումարի քանակը հայտնի չէ, գրում է Bloomberg-ը։ «Փրկագին» վճարածների ցանկում են Prada-ի նախագահ Պատրիցիո Բերտելլին, մոդելավորող Ջորջիո Արմանին, «Ինտեր» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Մասսիմո Մորատտին և ուրիշներ։ Խարդախության մասին տեղեկությունները հաստատել է անձամբ Պաշտպանության նախարար Կրոզետտոն։ Նա հանցագործության մասին հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն և դատարան։

Միլիարդատեր Մասսիմո Մորատին հաստատել է, որ գումար է փոխանցել «ՊՆ ղեկավարի զանգից հետո», բայց չի նշել թե որքան։ La Stampa-ի տեղեկություններով բիզնեսմեններից մեկը 1մլն եվրո է փոխանցել։ 

Bloomberg-ը գրում է, որ վերջերս կեղծ ձայնային նմանակումներն Իտալիայում հաճախ են օգտագործվում խարդախությունների համար։ Օրինակ 2024-ի հուլիսին Ferrari NV-ի ղեկավարներից մեկին զանգել ու ներկայացել են որպես ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բենեդետտո Վինյա և խնդրել խոշոր գումար փոխանցել՝ «Չինաստանում գործարք կնքելու համար»։ Զանգը կասկածներ է առաջացրել, փորձը չի հաջողվել։