Home / Համայնքներ / ԱՄՆ-ն երկու ինքնաթիռ մարդ է ուղարկել Վենեսուելա. սա դեռ սկիզբն է

ԱՄՆ-ն երկու ինքնաթիռ մարդ է ուղարկել Վենեսուելա. սա դեռ սկիզբն է

Միացյալ Նահանգներից Վենեսուելա են ուղևորվել անօրինական գաղթականներին տեղափոխող երկու մարդատար ինքնաթիռներ։ Սա ԱՄՆ-ում ապօրինի ապրող Վենեսուելայի քաղաքացիների առաջին դեպորտացիան է Դոնալդ Թրամփի և Վենեսուելայի իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնությունից հետո։

Տարհանումը կազմակերպվել է վենեսուելական ավիաընկերության տրամադրած ինքնաթիռներով։ Երկրի կառավարության հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ իրենք պատրաստ են ընդունել դեպորտացիայի ենթակա հազարավոր քաղաքացիներին։ Այս երկու ինքնաթիռներում գտնվողների շրջանում կային նաև մարդիկ, որոնք՝ ԱՄՆ իշխանությունների տվյալներով, անդամակցում էին «հանցավոր խմբավորումների»։

Երկու երկրների միջև բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 31-ին։ Թրամփի ներկայացուցիչ Ռիչարդ Գրենելը Կարակասում հանդիպել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ում, ի դեպ, Թրամփի առաջին նախագահության ժամանակ ԱՄՆ-ն չէր ճանաչում որպես երկրի լեգիտիմ նախագահ (ԱՄՆ-ն առհասարակ չէր ընդունում Վենեսուելայի ընտրությունները)։ Բանակցություններից հետո համաձայնություն է ձեռք բերվել ազատ արձակել Վենեսուելայում ձերբակալված ԱՄՆ վեց քաղաքացիների։ Մադուրոն համաձայնել է կազմակերպել անօրինական միգրանտների վերադարձը։

Վերջին տարիներին Վենեսուելայից արտագաղթել է շուրջ 7 միլիոն մարդ։ Պատճառը երկրի տնտեսության տխուր վիճակն է, որի մեջ երկրի իշխանությունները մեղասրում են ԱՄՆ պատժամիջոցներին։

տե՛ս՝ Թրամփը և Սառը պատերազմի ռեպրեսիվ մարտավարությունները